Ռոբերտ Քոչարյանի նախագահություն երկրորդ ժամկետի գրեթե սկզբից արդեն ակնհայտ էր, որ նրա իշխանության ժառանգորդը լինելու է Սերժ Սարգսյանը: Դա այնքան ակնհայտ էր, որ այդ թեմայով վերլուծություններ պարզապես չէին հրապարակվում: Իսկ այսօր, երբ, անշուշտ, նախագահական ամբիցիաներով անձանց պակաս չի զգացվում, Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդի հարցը պատված է խորհրդավորության քողով: Ճիշտ է, մամուլով նմանատիպ ամբիցիաներով անձանց անուններ հրապարակվում են, սակայն առ այսօր գործող իշխանության համար նախընտրելի երկրի ապագա ղեկավարի կերպարը դեռևս երկնակամարում չի ուրվագծվում:
Այդ փաստը կարող է ունենալ հետաքրքիր ենթատեքստ՝ Սերժ Սարգսյանը ձգձգում է իր հետնորդի հրապարակայնացումը՝ ներքուստ քննարկելով նախագահության երրորդ ժամկետի հնարավորությունը: Սերժ Սարգսյանի՝ նմանատիպ հաշվարկների առաջին սառը ցնցուղը կարող են լինել ռուս - ադրբեջանական վերջին «սիրախաղերը»: Չունենալով պետությունը ինքնուրույն կերակրելու որևէ ռեսուրս՝ գործող նախագահը առանց Ռուսաստանի աջակցության պարզապես անկարող է նմանատիպ ռիսկի դիմել: Այս պահին, ի հակադրություն ռուս - ադրբեջանական «սիրախաղերի», Հայաստանը, կարծես թե, հակված է ստորագրել Եվրոմիության հետ ասոցացման պայմանագիրը: Իսկ որ այդ ձգտումը կա՝ բաց տեքստով, կարելի է ասել ռուսական կողմին ուղղված թեթև «մուննաթով», հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա շեշտել է, որ եթե Ռուսաստանի դիրքորոշումը սպառազինության վաճառքի հարցում մեկնաբանվում է որպես «պարզապես բիզնես», ապա Հայաստանի ձգտումը՝ ստորագրելու ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը նույնպես միանշանակ կարելի է ընկալել որպես «բիզնես»։ «Երբ լսում ես նման ձևակերպումներ, որ դա պարզապես տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար է ու «միայն բիզնես», ցանկություն է առաջանում հիշեցնել, որ Հայաստանի ձգտումը' կնքելու Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, էլ ավելի «բիզնես» է ու ավելի շուտ կարելի է ընկալել այդ ձևակերպման տակ, դա այն դեպքում, երբ սպառազինության վաճառքի տակ մշտապես կարելի է գտնել քաղաքական ենթատեքստ»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Իհարկե, Եվրոպական միությունը նախագահական երրորդ ժամկետի փոքր ակնարկ անգամ թույլ չի տա: Երկարատև առաջնորդները հարկավոր են Ռուսաստանին՝ լեգիտիմության պակասի հաշվին նմանատիպ երկրների ներքին ռեսուրսները «խժռելու» համար: Մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն չի շտապում ՀՀ-ի դեպքում քննարկել իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը, այլև սկսել է չափավորել իր հարաբերությունները Երևանի հետ: Արդյոք գործող իշխանությունը կկարողանա պահպանել իր գրավչությունը Պուտինի համար՝ ռուս - ադրբեջանական հարաբերությունների սրընթաց վերելքի պայմաններում դժվար է ասել:
Երևի Հայաստանը, ամեն ինչ Ռուսաստանին տալով, վաղուց կորցրել է իր հրապույրը Մոսկվայի համար: Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, ճիշտ կանի՝ հրապարակայնացնելով իր հնարավոր հաջորդին:
Վարուժան Բաբաջանյան