23 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Անցել է 23 տարի, սակայն Հայաստանն այսօր դժվար է համարել անկախ պետություն:
Այս տարիներին Հայաստանում չեն ստեղծվել քաղաքական ու տնտեսական, արժեքային ու բարոյահոգեբանական այն հիմքերը, որոնք անշրջելի կդարձնեին անկախ պետականության իրողությունը: Այս մասին գրում է Lragir.am-ը:
Հայաստանում իրար հաջորդող իշխանությունների օրոք հանրային-պետական կյանքը գնաց դեգրադացիայի ճանապարհով: Ձեւավորվեց քրեա-օլիգարխիկ համակարգը, որն ուզուրպացրեց երկրի քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները, պետական ինստիտուտներն ու քաղաքական կուսակցությունները դարձնելով իր հավակնությունների ու շահերի սպասարկուների: Ոչնչացվեցին իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները, հանրությանը զրկելով իր օրինական իրավունքներից ու պարտականություններից:
Երկրում չստեղծվեց այնպիսի մթնոլորտ ու հնարավորություններ, որպեսզի իրացվեր հայ ժողովրդի մտավոր-ստեղծագործական պոտենցիալը: Դրանով պետք է անկախ պետությունը տարբերվեր կայսրությունից, այն պետք է լիներ որակապես ավելի բարձր պետություն՝ ներքին ազատությունների ու հնարավորությունների առումով: Որպեսզի մարդիկ զգային անկախության առավելությունները եւ կառչեին սեփական ճակատագրի տերը դառնալու, ազատության ու պատասխանատվության հնարավորությունից:
Սակայն մարդկանց զրկեցին երազանքից, ապագայի հանդեպ հավատից, հնարավորություններից: Հայաստանի անկախ պետականությունը դարձավ կայսրության բարքերի, հարաբերությունների, արժեհամակարգի տգեղ ու անորակ շարունակությունը:
Անկախությունից հետո հայ հանրությունը հայտնվեց մի «բաց դաշտում», որտեղ ոչ մի երաշխիք չկար: Երկիրն աստիճանաբար անցավ ռազմա-ֆեոդալական ու քրեա-օլիգարխիկ խմբավորումներին, որոնց դեմ հանրությունն անզոր գտնվեց եւ սկսեց հեռանալ երկրից, դեպի մետրոպոլիաներ:
Ներկայում այս ընթացքը շարունակվում է, որովհետեւ երկրում այդպես էլ չի հաղթահարվում կայսրության «իներցիան»: Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգերը բացարձակ կախման մեջ են արտաքին «գործընկերներից», հայկական այսպես կոչված քաղաքական-տնտեսական-հոգեւոր-փորձագիտական «էլիտան» զբաղված է սեփական նեղ շահերը, վախերն ու բարդույթները պարտադրելով, եւ բոլորը միասին զբաղված են նոր կամ հին տերերի փնտրտուքով: Եկեք, տեր կանգնեք մեզ, պաշտպանեք ու կերակրեք մեզ, մեզ պետք չէ անկախ պետություն,- ահա 23-ամյա անկախության «փիլիսոփայությունն» ու «արդյունքը», որ ծնվել է «էլիտաների» վախից ու անզորությունից, անկախ պետականություն կերտելու անընդունակությունից:
Ծանր բան է անկախությունը, անկախ պետականության կառուցումը: Մանավանդ, դարերով ստրկության մեջ «ապահով» ապրած հանրությունների համար, երբ նրանց փոխարեն որոշում էին ուրիշները, փոխարենը տրամադրելով նվազագույն երաշխիքներ: Հիմա պետք է ինքնուրույն որոշում կայացնել ու ստանձնել պատասխանատվություն: Իսկ դա բոլորին ու միշտ չէ, որ տրվում է: Նման հնարավորություն լինում է 100 տարին մեկ: Եւ մնում է խնդիրը, թե այդ հնարավորությունն ինչպես կօգտագործվի:
1990-ականներին մի փոքր խումբ մարդիկ Հայաստանում ու Ղարաբաղում ապացուցեցին, որ հայերի մեջ դեռ կան ազատության ու պատասխանատվության պատրաստ մարդիկ:
Հայկ Արամյան