Երեկ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Գյումրիում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նկարահանումներ կատարելիս նկատել է, որ տուն-թանգարանի հոսանքն անջատված է՝ վճարում չկատարելու պատճառաբանությամբ: Mediamall.am-ը անդրադարձավ հայտնի ռեժիսորի գրառմանը, որից հետո մեր հայրենակիցներից ոմանք պատրաստակամություն հայտնեցին հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցել այդ գումարը: Մենք զանգահարեցինք Գյումրիում գործող «Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանին, որը մեծ սիրով տրամադրեց կենտրոնի բանկային հաշվեհամարները՝ պատրաստակամություն հայտնելով հավաքված ամբողջ գումարը վճարել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի էլեկտրաէներգիայի վարձավճարների դիմաց և վճարման կտրոնները տրամադրել բարերարներին:

Երեկ մենք խնդրի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զահրապ Եգանյանից: Ուշ երեկոյան արձագանքելով մեր հարցադրումներին՝ նա խոստացավ առավոտյան պարզաբանել և տեղեկատվություն տրամադրել: Առավոտյան պարոն Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ նշեց, որ տուն-թանգարանը հոսանքազրկված չէ և այս պահին էլ հոսանք կա: Եգանյանը, հղում անելով տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին, նշել էր, որ Սուրեն Թադևոսյանի կողմից տրամադրված տեղեկությունը սխալ է և կարճ ժամանակով հոսանք չլինելը պայմանավորված է եղել ընդհանուր անջատումներով:
Mediamall.am-ը զրուցեց նաև Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի հետ, ով պնդեց, որ Գյումրիի քաղաքապետարանը իրենց բոլոր խնդիրները լուծում է և տարածվածը ապատեղեկատվություն է: Մեր հարցին ի պատասխան՝ տիկին Շողիկը նշեց, որ չնայած ունեն լուծման ենթակա խնդիրներ՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հոգատարությամբ և գորովանքով է վերաբերվում իրենց: Տուն-թանգարանի տնօրենը, չգիտես ինչու, առաջարկեց իրենց թանգարանի համար «Շիրակ կենտրոնին» փոխանցվելիք դրամական աջակցությունները իրենց փոխանցել քաղաքապետարանի միջոցով, սակայն տեղեկանալով, որ մեզ համար «Շիրակ կենտրոնն» առավել վստահելի գործընկեր է՝ նշեց, որ շնորհակալությամբ կընդունեն իրենց փոխանցված աջակցությունը:
Մենք զրուցեցինք նաև ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հետ, ով վրդովված էր Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրենի պատասխանից, նշելով, որ փաստին ականատես են եղել իր հետ թանգարան այցելած 5-6 մարդ: Երբ նկարահանման ժամանակ խնդրել են լույսը միացնել՝ ստացել են ապշեցուցիչ պատասխան՝ հոսանք չկա: «Մի բարեհամբույր աղջիկ, որը տուն թանգարանի աշխատակից է, ասաց, որ արդեն 2 օր է՝ այս վիճակն է: Սա ի պատասխան այն պարզաբանման, թե իբր 10 րոպեանոց անջատում է եղել: Իմ օպերատորը աշխատակցի ներկայությամբ ասաց՝ հասկանու՞մ ես, փողը չմուծելու պատճառով այսպիսի վայրում լույս են անջատում: Իսկ այդ աշխատակիցը աչքերը կախեց և ձայն չհանեց, դուք այդ դեպքում ի՞նչ կմտածեիք»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Թադևոսյանը:
Ռեժիսորը նշեց, որ տուն-թանգարանում նկարահանումներ կատարվում էր գյումրեցի երգչուհու համար, որը ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո հեռախոսազանգեր է ստացել, որտեղ տնօրենը իր վրդովմունքն է հայտնել՝ հավանաբար վախենալով կորցնել աշխատատեղը: Սուրեն Թադևոսյանը խնդրել է նրան փոխանցել, որ ինքը զրուցել է Զոհրապ Եգանյանի հետ, որը խոստացել է պարզել, թե ինչու է էլցանցը անջատել նման կարևոր կառույցի հոսանքը: Թադևոսյանը փոխանցել է նաև, որ տիկինը մեղք չունի գործած, որի համար պետք է պատժվի: «Հաջորդ օրը զարմանքով կարդացի, որ ինձ մեղադրում են իրենց կոլեկտիվը վարկաբեկելու մեջ: Շատ լավ, իթե իրենք այդ ուղին են բռնել՝ թող իմանան, որ եթե այս ամենը ճշգրիտ կերպով չլուսաբանվի՝ ես պատրաստվում եմ իմ նկարահանող խմբով մեկնել Գյումրի և բոլոր պատկան մարմիններից տեղում պարզել իրականությունը»,- ասաց ռեժիսորը:
Ի դեպ, Թադևոսյանը նշեց, որ պատրաստ է իր ամբողջ կարողությունը դնել, որպեսզի տուն-թանգարանի տնօրենը պատասխան տա հնչեցրած վիրավորանքների համար:

 

Վարուժան Բաբաջանյան