Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանն ընտրվելու իր շանսերը գնահատում է մրցակցի հետագա քայլերի համատեքստում և ընտրակեղծիքների դեպքում պատրաստ է դիմել բոլոր հնարավոր միջոցներին:

«Եթե իրենք չգնան ընտրակեղծիքների, իրենք շանսեր չունեն, որովհետև ես կորած տղա չեմ էլի, ես էլ եմ ճանաչված քաղաքում, ես ազատամարտիկ եմ, Ղարաբաղի շրջանում ինչքան կռիվներ են եղել, բոլորին մասնակցել եմ, ինքն էլ որպես կամանդիր, մասնակցել եմ Լաչինի կռիվերին, ու ինձ թվում է՝ իմ շանսերն ավելի մեծ պիտի լինեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ տվյալ ընտրատարածքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, ով, ինչպես ավելի վաղ Tert.am-ին ասել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին մարզպետի «սրտով է»:

Այդ առումով «Ժառանգության» ներկայացուցիչների որակումները, թե թիվ 38-ում կայանալիք ընտրությունը «աներձագային» կարող են լինել, Սամվել Հայրապետյանը, կարծես, այնքան էլ չի կիսում:

«Ինձ թվում է բոլոր քաղաքներում էլ երկուսիս ճանաչում են, երկուսս էլ էս քաղաքում ճանաչված մարդիկ ենք, էս քաղաքում ծնված, մեծացած տղա ենք էլի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնական պայքարը իր և ՀՀԿ-ական թեկնածուի միջև է լինելու:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Սուրիկ Խաչատրյանը ոչ պաշտոնական դերակատարում կունենա գալիք ընտրություններին, Սամվել Հայրապետյանն ասաց, որ մինչ այսօր ամեն ինչ խաղաղ է ընթանում։

«Չեմ մտածում, որ նա ազդեցություն կունենա, որովհետև էս անգամ պիտի որ մաքուր լինեն ընտրությունները, եթե մաքուր չլինեն, մենք էլ կդիմենք հակաքայլերի: Այս ընտրությունները պետք է լինեն Հայաստանում մինչև հիմա կայացած ընտրություններից ամենամաքուրը, եթե գնան կեղտոտության, Երևանում, Հայաստանում ինչքան ազատամարտիկ կա, սաղին կհանենք նստացույցի, մենք էլ կմիանանք նրանց»,– նշեց նա:

Թեկնածուի խոսքով՝ մինչև հիմա սովորական իր առօրյայով քաղաքն ապրում է, առայժմ իրեն այդպես է թվում: «Կգնան կեղտոտության, մենք էլ կգնանք, ժողովրդին կհանենք փողոց, պետք լինի ճանապարհ էլ կփակենք, պատրաստ են ըմբոստության, ուրիշ ի՞նչ անենեք, ուրիշ պայքարի միջոց չկա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իրենք պատրաստ են պայքարի հնարավոր բոլոր միջոցներին:

Իշխանական ուժերը կգնան ընտրակեղծիքների, թե ոչ, ազատամարտիկ թեկնածուն կարծում է, որ ոչ. «Ես ազատամարտիկ, կռված տղա եմ, ինձ չի թվում, որ կգնան կեղծիքների»: Արդար ընտրությունների դեպքում էլ նա հնարավոր չհամարեց իր չընտրվելը և ասաց. «Եթե մաքուր լինի և ուրիշ թեկնածու անցնի, ես հաճույքով կշնորհավորեմ, ես տենց մարդ չեմ»:

Իր ֆինանսական միջոցների մասով Սամվել Հայրապետյանն ասաց, որ «Ժառանգությունը» այդ հարցը կլուծի, սեպտեմբեի 1-ից քարոզարշավը կսկսեն. «Սկսելու ենք քաղաքից՝ գյուղերով վերջացնենք։ Ես սովորական պետական աշխատող եմ, ամիսը 45.000 դրամ աշխատավարձ ստացող տղա եմ, իսկ էդ ծախսերը «Ժառանգությունը» հոգալու է, եթե ուրիշ օգնողներ էլ լինեն՝ խնդրեմ»:

Որպես պատգամավոր Սամվել Հայրապետյանը մեծ ուրախությամբ կկատարի ժողովրդի պահանջները, որովհետև, ինչպես ինքն ասաց, ժողովրդի մեջից է: «Ես ոչ մի հարստություն չունեմ առանձնապես, ես ժողովրդի հարցերը պիտի բարձրացնեմ»:

Իսկ խորհրդարան մտնելուն պես ազատամարտիկ թեկնածուի բարձրացրած առաջին իսկ հարցը կլինի ազատամարտիկների վերաբերյալ: «Իրենք քանի ամիս է բողոքում են, ես էլ, որպես ազատամարտիկ, դա կբարձրացնեմ: Հետո արդեն սկսած «Ժառանգությունից» պայքարը գնում է, Րաֆֆին չի հրաժարվել իր պայքարից, մինչև իշխանափոխություն պիտի պայքարենք»,- ասաց նա:

Նշված ընտրատարածքից ընտրված նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի արած ու չարած գործերի մասին Սամվել Հայրապետյանը դժվարացավ գնահատական տալ, միայն նշեց, որ ինքն անձամբ այդ տարածքի բոլոր խնդիրները խորհրդարանում պետք է բարձրացնի. «Իսկ Սյունիքում խնդիրները շատ են»: