Երկու Հայաստան կա այսօր' «Հայլուրի» Հայաստանն ու «Ֆեյսբուքի» Հայաստանը։
Այնպես է ստացվել, որ ՀՀ քաղաքացիներն ապրում են երկու զուգահեռ իրականություններում, որոնք չեն հանդիպում, չեն երկխոսում, չեն ճանաչում միմյանց։ Գրում է medialab.am-ը:
«Հայլուրի» Հայաստանը շատ ավելի վիրտուալ է, քան «Ֆեյսբուքի» Հայաստանը։ «Հայլուրի» Հայաստանում տիրում են միֆերը. «Ֆեյսբուքի» Հայաստանում տիրում է իրականությունը։
«Հայլուրի» Հայաստանում տիրում է կեղծիքը.«Ֆեյսբուքի» Հայաստանում' քննախույզ աչքը։
Երկու Հայաստանում հակառակ բաների են հավատում։ Մեկում մեղավոր է ժողովուրդը, մյուսում' իշխանությունները։ Մեկում կառավարությունն է օգնում մարդկանց, մյուսում մարդիկ են օգնում մարդկանց։ Մեկում իշխանությունները հանցագործ են միայն Ադրբեջանում ու Թուրքիայում. մյուսում հանցագործությունը սահմաններ չի ճանաչում։ Մեկում ցույցեր ու բողոքի ակցիաներ են լինում միայն ուրիշ երկրներում. մյուսում ցույցերն ու բողոքի ակցիաները սեփական առօրյայի անբաժանելի մասն են։ Մեկում պաշտոնյաները պատշաճ կերպով կատարում են իրենց պարտականությունները. «Ֆեյսբուքի» Հայաստանում պաշտոնյաները կոռումպացված են և ապաշնորհ։ Մեկում գրող է նա, ով գրողների միության անդամատոմս ունի. մյուսում գրող է նա, ում գրածն ազատագրում է։ Եվ այսպես շարունակ։
«Հայլուրի» Հայաստանում տիրապետողը բռնության մշակույթն է, «Ֆեյսբուքի» Հայաստանում' կյանքի մշակույթը։ Մեկում տղամարդիկ տիրակալներ են, մյուսում' բարեկամներ։
Մեկում հակագիտական թեզեր են հնչեցնում «մասնագետները». մյուսում ամեն տեսակ թեզեր են հնչեցնում ով ասես, բայց գիտական հիմնավորումներ պահանջվում են բոլորից։
«Հայլուրի» Հայաստանը միայն «Հայլուրում» չէ, իսկ «Ֆեյսբուքի» Հայաստանը միայն «Ֆեյսբուքում» չէ։ Հայկական «Ֆեյսբուքում» «Հայլուրի» Հայաստան կա, բայց «Ֆեյսբուքի» Հայաստանում' չկա։
«Հայլուրի» Հայաստանը
Սա այն Հայաստանը չէ, որին ձգտում է «Կարգին հաղորդման» հերոսը։ Հայտնի կատակում տատիկը հեռուստացույց է նայում ու սկսում լաց լինել' Հայաստան եմ ուզում։ Հարազատները հանգստացնում են' ախր դու Հայաստանում ես։ «Չէ՜, ես «Հայլուրի´» Հայաստանն եմ ուզում»։ Սակայն, իմ տարբերակման մեջ այդ գեղեցիկ ու բարգավաճ ներկայացվող երազ Հայաստանը չէ «Հայլուրի» Հայաստանը։ «Հայլուրի» Հայաստանը այն է, որ «Կարգին հաղորդման» գրեթե բոլոր կատակները կարող ես գտնել Youtube-ում, բայց «Հայլուրի» Հայաստանի մասին կատակը' չես կարող։
«Հայլուրի» Հայաստանում մարդիկ չեն տեսնում իրենց իրավիճակի պատճառները ու դրանք չեն տարբերում հետևանքներից: Նրանց մտքում ճամպրուկները կապած են։ Իսկ քանի էստեղ են, ասում են' դե պայքարեք, դե մի բան արեք, դե գրեք, դե բողոքեք։ Բայց իրենք չեն բողոքում, իրենք բարիշում են։ Եթե կարողացան լեզու գտնել մի երկու պաշտոնյայի հետ' անձամբ իրենց խնդիրը լուծելու համար, ուրեմն այլևս չեն բողոքի, թեկուզ դա լինի մի քանի հազար դրամի գնով հեռանկարի կորուստը։
«Հայլուրի» Հայաստանում մարդիկ բտված են հակագիտական հիմարություններով։ Ինչքան անհեթեթ է էկրաններից նրանց ուղղված խոսքը, այնքան ավելի են հակված հավատալու։ Որովհետև նրանց հետ են վարժեցրել տրամաբանված ու սրտացավ խոսքից։ Նրանց բտել են ատելությամբ' ատելություն դեպի հասարակության այլ շերտեր, դեպի ով ասես, միայն ոչ իշխանությունները։ Եվ իշխանությանն ատող հայլուրցին նրա դաշնակիցն է դառնում' ատելու սեփական հարևանին, որովհետև սիրելու սիրտ չի մնացել։
Եվ, վերջապես, «Հայլուրի» Հայաստանը այն Հայաստանն է, որի մասին հրաշալի կերպով պատմում է ղափանցի Սուսաննա Շահնազարյանը։ Այնտեղ «Հայլուրին» ուզում են հավատալ, որովհետև միակն է, որ բարի լուրեր է բերում իրենց դաժան առօրյային։
«Հայլուրի» Հայաստանում կամք չկա, կան շահեր։ Շատ նեղ ու շատ անձնական։
«Հայլուրի» Հայաստանում տեղյակ չեն «Ֆեյսբուքի» Հայաստանի մասին։
Ծովինար Նազարյան
Մանրամասները` այստեղ: