Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը սկսվել է 2012-ին, աշխատանքները նախատեսում են ավարտել 2014-ի հունիսին: Դպրոցը աշակերտներ կընդունի 2014-ի սեպտեմբերից:
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի բարեգործական հիմնադրամի կողմից դպրոցի շինարարության համար ներդրվել է 150 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը արժանացավ «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության քննադատությանը։
Փաստորեն, արդեն հաջորդ տարի, աղմկահարույց դպրոցը սկսելու է իր գործունեությունը: Քանի որ կրթական համակարգում այս դպրոցի հիմնադրման համար անգամ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին՝ մի քանի դիտարկում՝ թեկուզ և կրքերը վաղուց հանդարտվել են, քաղաքացիականն նախաձեռնության ակտիվիստներն էլ պայքարի այլ թիրախներ են ընտրել: Պարզապես խնդիրը վերաբերվում է կրթական համակարգին, որտեղ ցանկացած չհիմնավորված փոփոխություն կարող է աղետալի լինել նոր սերնդի համար:

 

Ընդհանուր առմամբ դեմ չեմ օտար լեզուների բարձրորակ ուսուցմանը՝ հաշվի առնելով մեր ժողովրդի ցրվածությունը ամբողջ աշխարհում, մի փաստ, այնուամենայնիվ, անկարող եմ անտեսել: Որպես կանոն, դեռ խորհրդային տարիներից, ռուսալեզու դպրոցները համարվում էին էլիտային սպասարկող դպրոցներ, պարզապես խորհրդային ղեկավարները, պետության գաղափարախոսությունից ելնելով, կարողանում էին քողարկել այդ յուրօրինակ հասարակական բաժանումը: Այժմ, երբ հասարակության բաժանումը բարձր և ցածր խավերի առավել քան ակնհայտ է, մենք հնարավորություն ենք տալիս ստեղծել դպրոցներ, որտեղ կենտրոնացվելու են հարուստ խավի երեխաները: Եթե մինչև այժմ, չնայած որոշ դրսևորումներին, դեռևս կարողացել ենք խուսափել դպրոցներում սոցիալական բևեռացման ցցուն դրսևորումներից, և երեխաները, անկախ սոցիալական կարգավիճակից, նորմալ շփվել և ընկերություն են արել, այժմ մեծ է վտանգը, որ միմյանցից սահմանազատվելու են հարուստ և աղքատ խավի երեխաները՝ առաջինների մոտ ձևավորելով իշխողի, առանձնահատուկի, ընտրյալի, իսկ երկրորդների մոտ՝ թույլի, ենթակայի, ենթարկվողի հոգեբանություն:
Եթե խնդիր է դրված բարելավելու ռուսաց լեզվի ուսուցումը՝ դա կարող են անել հանրակրթական դպրոցներում՝ էլիտար դպրոցների շինարարության և սպասարկման համար նախատեսված գումարներով կահավորելով և ձևավորելով ռուսաց լեզվի նորմալ կաբինետներ՝ համալրված համապատասխան տեխնիկական և մասնագիտական միջոցներով:
Եթե նպատակը զուտ էլիտար, ջոկովի երեխաներ մեծացնելն է՝ հետևանքները մի քանի տարի անց անդառնալի կարող են լինել...