www.tert.am Սոցիալական ցանցերում հնչել են սպառնալիքներ և «Կանանց ռեսուրսային կենտրոնը» պայթեցնելու վերաբերյալ հայտարարություններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը: Նա նշեց, որ նման ագրեսիվ պահվածք իրենց նկատմամբ դրսևորվել է գենդերի մասին օրենքի քննարկումներից հետո: Ըստ տնօրենի՝ այս ֆոնի վրա ակտիվացել են որոշ խմբեր, որոնք իրենց համար նպատակակետ են դարձրել կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները:

 

Նման ագրեսիվ պահվածքը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» և մասնավորապես իր անձի նկատմամբ՝ Լարա Ահարոնյանը բացատրում է նրանով, որ հասարակությանը սխալ է ներկայացվել իրենց գործունեությունը՝ իբրև թե իրենք միասեռականության քարոզչություն են իրականացնում: Կենտրոնի տնօրենը մատնացույց արեց Համահայկական ծնողական կոմիտեն՝ իբրև սպառնալիքների սկզբնաղբյուր և նշեց, որ իրենք արդեն դիմել են ոստիկանություն, քանի որ սպառնալիքներն անտեսել չեն կարող:

 

«Թող իրենք բացատրեն, թե ինչու են սպառնալիքներ հնչեցնում մեր հասցեին: Ես չեմ կարող նրանց փոխարեն դա անել,-նշեց Լարա Ահարոնյանը,-ես ենթադրում եմ, որ այդ օրենքի հետ կապված իրենք ապատեղեկատվություն են տարածում հասարակության մեջ, որպեսզի շեղեն հասարակությանը կարևոր գործերից, կարևոր հոգսերից: Ստեղծում են մի պրոբլեմ, որ իրականում չկա»:

 

«Կանաց ռեսուրսային կենտրոնի» տնօրենին զարմացրել է փաստը, որ առանց իրենց ճանաչելու, առանց իրենց դիմելու, մարդիկ տարածում են իրականությանը չհամապատասխանող ապատեղակատվություն: «Առանց ճշտելու, թե իրականում մենք ինչպես ենք աշխատում, կապ ունե՞նք արդյոք գենդերի մասին օրենքի նախագծի հետ, արդյո՞ք առնչվել ենք այդ օրենքին որևէ ձևով թե չէ, փորձում են ամեն կերպ մեզ խառնել դրան. էդտեղից երևում է, թե իրենք որքանով են ապատեղեկացված»,-նկատեց Լառա Ահարոնյանը:

 

Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք սպառնալիքների համար հիմք է ծառայել վերջերս կենտրոնի կողմից Ազատության հրապարակում կազմակերպած «Ֆորում թատրոնը», Լարա Ահարոնյանն ասաց, որ նշված ակցիայի ժամանակ ընդամենը ներկայացվել են գենդերային կարծրատիպերը և ներկայացման ընթացքում ոչ մի անգամ չի նշվել, որ աղջիկը պետք է տղա լինի կամ տղան՝ աղջիկ:

 

«Էդ ամեն ինչը հնարված է, էդ Համահայկական ծնողական կոմիտեի երևակայության արդյունքն է, և իրենք դա օգտագործում են այդ առումով»,- հավելեց Լարա Ահարոնյանը:

 

Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող Արման Բոշյանը, լսելով «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրենի՝ իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքը, նախ զարմացավ:

 

«Ես չգիտեմ, թե ով ինչ մեկնաբանություններ է արել համացանցում կենտրոնի հասցեին, որ վերագրում են մեզ, թող իրենք ուղարկեն այդ մեկնաբանություններն առանց կոնտեքստից կտրելու, մենք կնայենք: Եթե դա ծնողական կոմիտեի անդամ է արել, մենք էդ մարդուն կկանչենք, կպարզենք՝ ինչի համար է այդպիսի բան գրել»,-Tert.am-ին փոխանցեց Արման Բոշյանը:

 

Վերջինիս համոզմամբ, նրանք, ովքեր իրականում են սպառնում որևէ մեկին, ապա այդ մասին համացանցում չեն տարածում:

 

«Քոմենթ գրողն, իմ կարծիքով, ինչ-որ բանից վիրավորված մարդ է եղել: Ես վստահաբար ոչինչ չեմ կարող ասել, որովհետև անձամբ ես, որպես կոմիտեի համակարգող, որևէ վիրավորանք չեմ գրել, ոչ էլ լսել եմ, որ մերոնք գրեն,-ասաց Արման Բոշյանը,- «Կանանց ռեսուրսային կենտրոնն» ասում է, թե տրաքացնելու սպառնալիք է եղել. դե թող ամբողջ դիալոգը հրապարակեն, տեսնենք՝ ինչ է: Ամեն դեպքում, մեր կայքում այդպիսի բան չկա: Բոլոր քոմենթները մոդերացիա է արվում, և վիրավորանք պարունակող քոմենթները, կոչերը ջնջվում են»:

 

«Ամեն մի քոմենթ չի կարելի վերագրել մեր շարժմանը, թող զանգեն ինձ հարցնեն, ասեն՝ էս ինչ-ինչ բանն է եղել, կարող է մարդը վրդովված, նեղացած է եղել, էս ինչ բանն է գրել, կարող է այդ մարդը ընդհանրապես կոմիտեից չէ: Կոմիտեի անդամներին մենակ ես գիտեմ: Կա «Ոչ գենդեր» խումբ, որը կոմիտե չի, և կա ծնողական կոմիտե, որն ունի գրասենյակ, ֆեյսբուքյան էջ իր 6000 անդամներով: Հիմա ֆեյբուքյան էջի ամեն մի համակիր չի կարող կոմիտեի անդամ համարվել»,-հավելեց Արման Բոշյանը:

 

Վերջինս չժխտեց, որ Համահայկական ծնողական կոմիտեն պայքարում է գենդերի վերաբերյալ օրենքի դեմ, քանի որ այն համարում է այլասերվածություն և Սահամանադրությանը հակասող օրենք: Արման Բոշյանը Tert.am-ին փոխանցեց, որ անձամբ ինքը և կոմիտեից էլի 2 հոգի այդ պայքարի արդյունքում սպառնալիքներ են ստացել, որտեղ իրենց խոստացել են ոչնչացնել:

 

«Բայց մենք առայժմ չենք ուզում որևէ քայլի դիմել, քանի դեռ կոնկրետ գործողություններ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է «Կանանց ռեսուրսային կենտրոնին», ապա եթե նրանք այդքան համոզված են, որ սպառնալիքները մեր կոմիտեի անունից են հնչել, մենք պատրասատ ենք դա վիճարկել դատարանում»,-նշեց Արման Բոշյանը: