Tert.am - «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, թե իրենց կազմակերպությունն առանց զգուշացնելու գծանշումներ է կատարում ՝ փաստի առաջ կանգնեցնելով անվճար կայանատեղիներում կայանած մեքենայատերերին, համարեց ապատեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ «Փարքինգ սիթի սերվիսը» կարող է այնպես անել, որ անվճար ավտոկանգառում կայանած մեքենայի սեփականատերը ընդամենը մեկ վայրկյանում դառնա ընկերության պարտապանը:

Հոդվածում նշված էր, թե ինչպես է թերթի թղթակիցը ականատես եղել մի տեսարանի, երբ Մաշտոցի պողոտայում անվճար կայանատեղիում հայտնվել են «Փարքինգ սիթի սերվիսի» աշխատակիցներից մեկը՝ ներկող սարքով, ու ներկել ավտոկանգառի սահմանները կարմիր ներկով: Մեքենաները վայրկյանների ընթացքում հայտնվել են կարմիր գծանշման, այսինքն՝ արդեն վճարովի կանգառի, սահմաններում:

«Մենք գծանշումները մեծ մասամբ կատարում ենք ցերեկային ժամերին՝ ոստիկանության աշխատակցի ներկայությամբ, ով ազատում է փողոցը, որպեսզի գծանշումները կատարվեն,-Tert.am-ին փոխանցեց «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը,-իսկ ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե Մաշտոց պողոտայում կատարվել են նոր գծանշումներ և ավելացել են նոր ավտոկայանատեղիներ, ասեմ, որ կատարվել է ընդամենը թարմացում»:

Քանի որ նախկին գծանշումները մաշվել էին և տեսանելի չեն մեքենատերերի համար, երեկ «Փարկինգ սիթի սերվիսի» աշխատակիցները պարզապես ներկել են գունաթափված հատվածները:

Վազգեն Հարությունյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են ավարտել փոքր Կենտրոնի փողոցների գծանշումները և անցնել Աբովյան փողոցին, որտեղ ասֆալտապատման հետևանքով գծանշումները վերացել էին: «Այսօր Մաշտոցի պողոտայի երկրորդ հատվածն է գծանշվելու, վաղվանից սկսած Աբովյան փողոցը կթարմացվի, այնուհետ, մինչև տարեվերջ կտեղափոխվենք Արաբկիր վարչական շրջան»,- ասաց Վազգեն Հարությունյանը: