ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում' Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին ընթացող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:

«Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:

Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ և բազմաբովանդակ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ համաշխարհային հարթակում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:
Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: