Սիրիայում վերջին օրերի զարգացումների և հնարավոր պատերազմի ու դրա հետևանքների մասին ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը: Սահակյանն անդրադառնում է նաև Սիրիայի խնդրի հնարավոր հետևանքները տարածաշրջանի և ԼՂ հարցի վրա, ինչպես նաև ՀՀ-ի՝ դեպի ԵՄ, թե՞ Եվրասիական Միություն կողմնորոշման մասին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
-Եթե նկատի ունենանք վերջին օրերի զարգացումները և Արևմուտքի երկրների կողմից ռազմական միջամտության հնարավորությունը, ապա կարծում եմ, որ վերջնարդյունքում խոհեմությունն ավելի ծանրակշիռ կգտնվի արկածախնդրության հանդեպ, և հնարավոր կլինի շրջանցել այն ծայրահեղ սցենարը, որը կունենա աղետալի հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար։
-Որոշ վերլուծաբաններ իրականությանը այսպիսի գնահատական են տալիս, որ Սիրիային պաշտպանում են ՌԴ-ն ու Չինաստանը, իսկ Արևմուտքը Սիրիային դեմ է։ Նախ՝ համամի՞տ եք այս ձևակերպման հետ, և ապա՝ մեզ այս համատեքստում բոլորից շատ հետաքրքրում է՝ Հայաստանի դիրքորոշումը։ Ինչպիսի՞ն կլինի այն, ըստ Ձեզ:
-Իմ կարծիքով այդ ձևակերպումը սխալ է և այդքան հեռու պետք չէ գնալ։ Իրավիճակի մասին ավելի սթափ պատկերացում ունենալու համար պետք է հասկանալ, որ այս հակամարտության իրական կողմերը մի կողմից Թուրքիան են և Իսրայելը՝ Արևմուտքի օժանդակությամբ, իսկ մյուս կողմից Սիրիան՝ Իրանի և ՌԴ օժանդակությամբ։ Պետք չէ մոռանալ, որ Սիրիան բարեկամ երկիր է Հայաստանի համար։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, և դրա վկայությունն է այս երկրում հայկական ուժեղ սփյուռքի առկայությունը։ Ասադների ընտանիքը միշտ հայամետ դիրքորոշում է ունեցել, և բնականաբար՝ հայության համակրանքը Սիրիայի գործող նախագահի կողմն է։ Եվ ցավոք սրտի, այդ պատերազմը բացասական ազդեցություն կունենա Սիրիայում, ինչպես նաև Լիբանանում հայ համայնքների կենսագործունեության վրա։
- Ընդհանրապես Սիրիայի խնդիրը տարածաշրջանի մյուս երկրների վրա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
-Բաշար ալ Ասադը վերահսկում էր երկրի 50%-ը ու օրեցօր նոր հաղթանակներ տանում, և նրա կողմից քիմիական զենքի կիրառումն առնվազն տարօրինակ է։ Բայց եթե, այնուամենայնիվ, այս պատրվակով Արևմտյան կոալիցիան որոշի ռմբակոծել Սիրիան, ապա այն կարող է բերել անդառնալի հետևանքների ամբողջ տարածաշրջանի համար։ Իրականում, սթափ գիտակցելով՝ պետք է նկատել, որ Սիրիայում ոչ թե մարդու իրավունքների, դեմոկրատիայի կամ քաղաքացիական հասարակության այլ խնդիրների պատճառով է այս պատերազմը, այլ այն զուտ կրոնական պատերազմ է մի կողմից շիա, իսկ մյուս կողմից՝ սուննի և ալավի բնակչության միջև։ Իմ կարծիքով պատերազմի սկսելու դեպքում անմասն չեն մնա Իսրայելը, Լիբանանը, Թուրքիան, Իրանը և միգուցե արաբական որոշ երկրներ, ինչը կհանգեցնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր պատկերի։
- Սիրիայի խնդիրը ի՞նչ հետևանք կունենա մեր երկրի համար: Հնարավո՞ր է այս համատեքստում որոշակի լուրջ փոփոխություններ լինեն նաև ԼՂ խնդրում։
-Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությունը նման է Պանդորայի արկղի բացվելուն, և այն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, և հիմա դժվար է գուշակություններ անել։ Պետք է միայն հուսալ, որ այս պատերազմը կշրջանցի մեր երկիրը և մասնավորապես ԼՂ հիմնախնդիրը:
Մանրամասները` այստեղ: