Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձման մեկ տարին: Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին' Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացների ժամանակ: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիների ընթացքում: 2007 թվականի փետրվարին Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց դատավճիռը:
Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի թեման ռազմահայրենասիրական պոռթկման հսկայական ալիք բարձրացրեց (ներեցեք ռազմահայրենասիրական բառի հեղինակային իրավունքի խախտման համար): Ֆեյսբուքյան ճակատամարտերում հերոսացման և սխրանքների բազմաթիվ հուզիչ օրինակներ եղան, հեռուստաընկերությունները հեռարձակեցին խրոխտ դիվանագիտական ապտակների շառաչյուններ, սակայն հուզական պոռթկումը շատ արագ մարեց՝ լրատվական դաշտում նոր հետաքրքրությունների ի հայտ գալուց հետո: Մինչդեռ Սաֆարովի արտահանձնման փաստը հայ դիվանագիտության համար պետք է ենթադրեր գործողությունների մի ամբողջ շղթա, որն իր հերթին պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի աներկընտրանքության գաղափարի արմատավորմանը միջազգային հանրության մեջ: Հավատացնում եմ, որ եթե նման ամբարտավան դիվանագիտական բացթողում թույլ տար Հայաստանը՝ Ադրբեջանի դիվանագիտական աղմուկը կհնչեր երկրագնդի բոլոր ծագերում:
Հայկական լոբբիի կառուցվածքը հնարավորություն է տալիս աշխարհի շատ երկրների խորհրդարաններում նախաձեռնել բանաձևերի ընդունման գործընթաց՝ դատապարտելու համար մարդասպանի հերոսացումը Ադրբեջանի կողմից: Հայկական դիվանագիտությունը պետք է ստիպեր միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի մասին զեկույցներում հանդես գալ խիստ գնահատականներով: Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի անդամությունը, որպես ագրեսորին աջակցող երկրի, դադարեցնելու պահանջով: Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր գործողությունների՝ ի նպաստ Հայաստանի ընթացքը երաշխավորված չէ, սակայն անտեսել և անտարբերության մատնել մի երկրի սկանդալային դիվանագիտական խայտառակությունը, որի հետ պատերազմի մեջ ես՝ անհասկանալի է:
Սերժ Սարգսյանը Սաֆարովի արտահանձնումից հետո հրավիրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը քննարկելու համար: Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը, դիմելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ ասաց. «Գորիկ Գուրգենիչ խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ' հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու»: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպիսի հանձնարարություն էր և կատարվե՞ց արդյոք...
Վարուժան Բաբաջանյան