Կրկին ակտիվացել են խոսակցությունները՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ: Կարծես թե ներիշխանական կուլիսներում որոնում են իրավական հիմնավորումներ՝ նրա անվտանգ վերադարձը երաշխավորելու համար: Մինչդեռ Վանոն, իմ խորին համոզմամբ, երկրին մատուցած իր ծառայությամբ վաղուց տվել է իր վերադարձի իրավական և բարոյական հիմնավորումները:
Կոթիգյուղցի Վանո Սիրադեղյանը՝ հրաշալի արձակագիրը, անհավատալի բառամթերքի կրողը, գարեջրատան հարմարավետ հարթակը փոխարինեց քաղաքական հարթակով: Վանոյի տեսակը չէր կարող իջնել ջրի հատակը, որովհետև համազգային խնդիրը պիտի նրան շպրտեր քաղաքական դիսկոմֆորտի մեջ:
Վանոն հաղթեց ոչ միայն միտինգային ճակատում, իր ընկերների հետ ոչ միայն հաղթեց Ղարաբաղում, այլ պատերազմ հայտարարեց երկրի ներքին թշնամուն, բարդակին, անիշխանությանը... և ԱՊՀ երկրներում առաջինը և միակն էր, որ այդ ծանր տարիներին հաղթող դուրս եկավ այդ ճակատում...
Ըմբոստ մտավորականը, որը տարիներ առաջ պայքարի դուրս եկավ հայ ժողովրդի իրավունքների համար՝ իր իսկ կերտած պետության ներսում քաղաքական վտարանդի դարձավ:
Հայոց պատմությունը լի է օրինակներով, երբ այսրոպեական քաղաքական շահի համար զոհել են ժամանակաշրջանի ամենավառ անհատականություններին: Վանոն չէր կարող այդ անհատականություններից մեկը չլիներ, որովհետև Վանոյի մարդկային տեսակը չէր կարող վտարանդի չդառնալ: Ոչնչությունները պետք է նրան վտարեին, որպեսզի Վանոյին փոխարինողների ֆոնին իրենց ոչնչությունը գոնե միջակություն երևա...
Հիմա էլ Վազգենին են կպել: Վազգենի երկնային հավերժությունն անգամ սրանց հանգիստ չի տալիս: Որովհետև իրենք փոշոտվելու են պատմության գզրոցներում, իսկ պետության հիմնադիրներին սերունդները կրելու են իրենց գեների մեջ:
Վանոն պետք է վերադառնա: Եվ վստահ եմ, որ շուտով կվերադառնա: Որպեսզի սրբագրի պատմությունը...
Վարուժան Բաբաջանյան