Հայաստանը անշեղորեն հետևում է Ժնևյան կոնվենցիաների դրույթներին: Մեկնաբանելով ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևի'երրորդ երկիր փոխանցելու փաստը' panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետամուտ են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով ստանձնած պարտավորություններին: Հաշվի առնելով ռազմագերու' հայկական կողմի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների մոտ արտահայտված ցանկությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որպես միջնորդ կազմակերպություն, դիմել է ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին և նախօրեին ադրբեջանցի ռազմագեերին տեղափոխվել է երրորդ երկիր»,- նշեց Ա. Կապրիելյանը:
Հատկանշական է, որ Ֆիրուզ Ֆարաջևը վերջերս ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք, ինչն իր հերթին առաջացրել էր Ադրբեջական կողմի «կասկածները»:
Մասնավորապես' «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ «կասկած է առաջացնում այն իրողությունը» որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք հենց այն պահից, երբ ադրբեջանական գերության մեջ հայտնվեց Հակոբ Ինջիգուլյանը: Շահին Սայիլովը նշել էր, որ սա Ժնևյան կոնվենցիաների խախտում է:
Այս կապակցությամբ անդրադառնալով Ֆիրուզ Ֆարաջևի' երրորդ երկիր տեղափոխվելու վերջնական ցանկությանը Ա. Կապրիելյանը նշեց.
«Ֆարաջևը ի սկզբանե հատել էր ՀՀ պետական սահմանը' երրորդ երկիր տեղափոխվելու մտադրությամբ: Նա առաջին իսկ օրվանից հայտարարել է այդ իր ցանկության մասին: ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելում և դեմ առ դեմ հանդիպումներ էին ունենում ադրբեջանցի ռազմագերու հետ: Ահա այսպիսի հանդիմումներից մեկի ընթացքում Ֆարաջևը հանկարծ նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ադրբեջան: Ենթադրում եմ, որ գուցե այստեղ դեր է խաղացել հարազատների նկատմամբ կարոտը: Դրանից հետո Ֆարաջևը նորից փոխեց իր ցանկությունը' հայտարարելով, որ վերջանական որոշում է կայացրել տեղափոխվել երրորդ երկիր: Պարզ է, որ որքան էլ բարվոք լինեն ռազմագերու պահվելու պայմանները, նա անշուշտ գտնվում է որոշակի ապրումների մեջ: Կարծում եմ, ռազմագերին բավական ժամանակ է ունեցել դիտարկել բոլոր տարբերակները: Մյուս կողմից անկասկած իր դերն է ունեցել այն իրողությունը, որ Ադրբեջան վերադարձած ռազմագերիները բոլորն անխտիր դատապարտվել են հայրենիքի դավաճանության հադվածով բավական երկար ազատազրկման ժամկետների:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ իշխանությունները որևէ առնչություն չունեն ռազմագերուն' երրորդ երկիր տեղափոխելու գործընթացի հետ: Այն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից:
Այս ամբողջ գործընթացը իրականացվել է բավական թափանցիկ և ՊՆ-ն ժամանակին հանդես է եկել համապատասխան հայտարարություններով: Այսինքն, տվյալ իրավավիճակում ռազմագերին, ինչ ցանկություն որ արտահայտել է, այդ մասին պաշտոնական հայտարարություն է արվել»,- նշեց Ա. Կապրիելյանը:
Անդրադառնալով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը' Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիգուլյանի շուրջ ստեղծված իրադրության ներկա փուլին' Արմեն Կապրիելյանը նշեց. «Ցավոք սրտի, դեռևս հստակ արդյունքների մասին խոսել չենք կարող: Գործընթացը գտնվում է բանակցային փուլում: Առայժմ ադրբեջանական կողմից որևէ կոնկրետ արձագանք չկա»:
Արմեն Կապրիելյանի համոզմամբ Ֆարաջևի' երրորդ երկիր տեղափոխվելը ևս մեկ անգամ փաստեց այն իրողությունը, որ հայկական կողմը ուղղակի կապ չէր տեսնում
ադրբեջանցի ռազմագերու շուրջ զարգացումների և Ինջիգուլյանի' Հայաստան վերադառնալու գործընթացների միջև:
«Մենք դրա իրավունք էլ չունեինք: Այս առումով ադրբեջանական «կասկածները» լիովին անհեթեթ էին: Հակառակորդ կողմի առջև պայման դնելը, ինչ-որ նախապայմաններով հանդես գալը արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Հայաստանը երկար տարիներ անշեղորեն հետևում է Ժնևյան կոնվենցիաներին' կատարելով իր ստանձնած պարտավորությունները: Տվյալ պարագայում հաշվի է առնվում ռազմագերու ցանկությունը»,- ասաց Ա. Կապրիելյանը: