«Պարոն ոստիկանապետ, պահանջում ենք գտնել իրական մարդասպաններին», «Արցախի և մեր պետականության մարմնավորում Հրաչ Մուրադյանին սպանողը պիտի պատժվի» պաստառներով այսօր ոստիկանության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել պռոշյանցիներրը: Այսօր Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության 5-րդ ամիսն է լրանում, իսկ սպանությունը դեռևս չի բացահայտվել: Հայտնում է Panorama.am-ը:

Սպանությունը կատարելու կասկածանքով այժմ կալանքի տակ է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռևս հունիսին հայտարարել էր, որ նա, ով արժեքավոր տեղեկություն կհաղորդի նախաքննական մարմնին, կպարգևատրվի 5000 ԱՄՆ դոլարով: Սակայն այդ հայտարարությունը չէր նպաստել սպանության բացահայտմանը:

Այժմ Պռոշյան գյուղ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիայի միջոցով պահանջներ էին ներկայացնում ոստիկանությանը:
«Բոլորս հասկանալով, որ շարքային սպանություն չի կատարվել և սպանվել է գյուղապետը իր ծառայողական պարտականությունները կատարելիս, և հարցի ողջ բարդությունը գիտակցելով, այսօր պռոշյանցին պահանջատեր է: Մենք պահանջում ենք շուտափույթ բացահայտում: Պարոն ոստիկանապետ, պահանջում ենք», -ակցիայի ժամանակ հայտարարեց Պռոշյանի նախկին գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը:

Ակցիայի պահանջատեր մասնակիցներին էր միացել նաև ԱԺ դաշնակցական պատագամավոր Աղվան Վարդանյանը, որին ոստիկանությունում ընդունել են, և ինչպես հետո ինքը հայտարարեց, վստահեցրել են, որ ամեն հնարավորն արվում է սպանությունը բացահայտելու համար: