www.lragir.am Վարչապետ Տիգրան Սարգսյանը Արցախում այցելելով զորամասերից մեկը, զինծառայողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը վերջին երեք տարում ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան ձեռք չէր բերել անցյալ 20 տարիներին:
Հայտարարությունը հնչել է ի պատասխան անվտանգության վիճակի վերաբերյալ զինծառայողների հարցի: Ինքնին փաստը, երբ բանակի զինծառայողը անվտանգության վիճակի վերաբերյալ հարցադրումներ է անում երկրի առաջին դեմքերին, արդեն իսկ ինչ որ առումով տարօրինակ է: Զինծառայողն անվտանգությունն իրացնող առաջնային սուբյեկտ է: Հետեւաբար, այսպես ասած «հասարակ մահկանացուների» դասից նա պետք է ամենից ավելի ինֆորմացված լինի անվտանգության վիճակի մասին: Եվ եթե զինծառայողն այդ մասին հարց է ուղղում վարչապետին, ապա կնշանակի, որ նա ունի անվտանգության վիճակի վերաբերյալ կասկածներ ու մտահոգություն:
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այստեղ նկատելի է մի քանի ուշագրավ հանգամանք: Նախ, հայտարարությունը հնչում է Պուտինի Բաքու կատարած այցից օրեր անց՝ որտեղ քննարկվող կարեւոր հարցերից մեկը եղել է Ադրբեջանին սպառազինության մատակարարումը, եւ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, հավանաբար ցույց տալու համար, թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը հանդիպելու Պուտինին:
Տիգրան Սարգսյանի խոսքը կարող է առաջ բերել բանավեճի մի նոր ալիք, երբ ասենք 20 տարիների ընթացքի իշխանությունները վարչապետի հայտարարության մեջ կնկատեն նրբորեն կամ ոչ այնքան քողարկված մեղադրական ակնարկ կամ եզրակացություն: Առավել եւս, որ մոտավորապես այդ թեմատիկայով ներկայում ծավալվել է «գեներալական» բանավեճ, թե ով ինչ է արել պատերազմի ժամանակ ու դրանից հետո:
Չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը՝ իհարկե ոչ առանց Սերժ Սարգսյանի գիտության, խթանում է բանավեճի «երկրորդ ճակատը» կամ պարզապես փայտ է ավելացնում խարույկին: Այնպիսի տպավորություն է, որ Արցախի եւ ընդհանրապես անվտանգության պատմության ու ներկայի առումով «շաբաթօրյակ» է նախաձեռնվել Հայաստանում:
Թե ինչն է դրա բուն նպատակը, պարզ չէ: Դա կարող է պայմանավորված լինել թե ներքաղաքական եւ ներիշխանական խնդիրներով, թե կապված լինել արտաքին գործընթացների հետ, որոնք որոշակի զարգացումներ են նախանշում Արցախի հարցում, եւ այդ առումով առավել լայն շրջանակով առաջացել է Հայաստանում Արցախի հաղթանակը հանրայնացնելու կամ ազգայնացնելու անհրաժեշտություն, քանի որ հրադադարից հետո տեղի ունեցած զարգացումները հակառակ գործընթացն էին՝ հաղթանակի «սեփականաշնորհում» եւ դրանից յուրօրինակ իշխող տնտեսա-քաղաքական «ՍՊԸ»-ի ձեւավորում:
Միեւնույն ժամանակ, Արցախի հաղթանակի հանրայնացման կամ ազգայնացման գործընթացը, որ կարող է լինել ծավալվող բանավեճի արգասիքը, մեծ նշանակություն ունի ոչ միայն բուն Արցախի խնդրի մասով, այլ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի, որտեղ Արցախի հարցը չափազանց կարեւոր, առանցքային գործոն է եղել ու կա: Այստեղ միֆերի ու կարծրատիպերի չեզոքացումը կարող է բերել ներքաղաքական-հասարակական կյանքում Արցախի գործոնի թուլացման, ինչը մեծապես կսահմանափակի մանիպուլյացիոն դաշտը:
Այդ ամենը ծավալվող բանավեճի հնարավոր դրական էֆեկտն են, սակայն քիչ հավանական չէ նաեւ բացասականը, երբ պարզապես տեղի կունենա նախկին կուռքերի փոխարինումը նորերով, երբ փորձ կարվի ընդամենը փոխել ոչ թե հաղթանակի «ձեւաչափը», այլ ընդամենը վերանայել «ՍՊԸ»-ի կազմն ու մասնակիցներին:
Այստեղ շատ բան կախված է հասարակությունից, թե ինչպես կընկալի հասարակությունը բանավեճը. դրան կվերաբերի որպես տեսարանի՞, որ մատուցում են իրեն հացի փոխարեն կամ դրան զուգահեռ, թե կվերաբերի որպես թերապեւտիկ կամ թեկուզ վիրաբուժական մի գործընթացի, որը կարող է հանդիսանալ հանրային ու պետական առողջացման կարեւոր նախադրյալ՝ նկատի ունենալով այն սուտն ու կեղծիքը, որ այդ թեմայով ողողել է հանրության ուղեղները եւ դրանք դարձրել կառավարելի:
Այդ իմաստով, իհարկե քիչ հավանական է, որ ստից ու կեղծիքից ազատվելու նախաձեռնությամբ հանդես գա իշխանությունը: Հավանաբար այստեղ իշխանությունը պարզապես իր ստի ու կեղծիքի համար է տեղ բացում, բայց հասարակությունը կարող է օգտագործել այդ հանգամանքը եւ մաքրելով եղածը, թույլ չտալ, որ դատարկ տեղը լցվի նորով:
Ի դեպ, տեսարանների ու հացի մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը բավական ուշագրավ է նաեւ սոցիալական տեսանկյունից: Ասելով, որ վերջին երեք տարում ավելի շատ սպառազինություն է ձեռք բերվել, քան անցյալ 20 տարիներին, Տիգրան Սարգսյանը հավանաբար փորձում էր նաեւ անուղղակիորեն արդարացնել վարվող տնտեսական քաղաքականության անարդյունավետությունն ու սոցիալական աղետը, այդ ամենը անուղղակի պատճառաբանելով նրանով, որ իշխանությունն առաջին հերթին հոգացել է ամենակարեւորը՝ անվտանգությունը:
Միգուցե առաջին հայացքից դա բավական ազդեցիկ պատճառաբանություն է, հատկապես Ադրբեջանի սրընթաց սպառազինման ֆոնին: Բայց, երբ պետությունը զինվում է քաղաքացիների սոցիալական խնդիրների հաշվին, ապա դրանով անվտանգությունը վերածվում է ընդամենը փուչիկի: Օրինակը՝ ԽՍՀՄ-ը: Այդ փուչիկը պայթեցնելու համար պահանջվեց 70 տարի, սակայն ավելի փոքր պետությունների դեպքում շատ ավելի քիչ ժամկետ կպահանջվի: Հայաստանի անվտանգությունը պահանջում է, որ 20 տարիների համեմատ ոչ միայն սպառազինության ձեռքբերումն աճեր, այլ բնակչության բարեկեցությունն ու իրավական պաշտպանվածությունն աճեր, եւ գոնե դրա կեսի չափ նվազեր արտագաղթը: Այդ դեպքում արդեն անվտանգության մասին խոսակցությունը բավական լուրջ կլիներ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ