Ամերիկայի Ազգային անվտանգության ծառայությունը (NSA) հետևել է Մեքսիկայի և Բրազիլիայի նախագահների էլեկտրոնային փոստերին, հեռախոսային խոսակցություններին և տեքստային հաղորդագրություններին:
Բրազիլական «Գլոբո» լրատվամիջոցը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք լրագրող Գլեն Գրինուոլդին է փոխանցել ԱՄՆ գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս մասին տեղեկացնում է www.irakan.info կայքէջը:
Բրազիլիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ դեսպան Թոմաս Շենոնին՝ պարզաբանում պահանջելով նախագահ Դիլմա Ռուզեֆի խոսակցությունները լսելու փաստի վերաբերյալ: Արդարադատության նախարար Խոսե Էդուարդո Կարդոզոն հայտարարել է, որ եթե փաստաթղթերի իսկությունը պարզվի, ԱՄՆ-ն կոպտորեն խախտած կլինի երկրի ինքնավարությունը:
Այսպիսով, Սնոուդենի հերթական բացահայտումը լուրջ լարվածություն կարող է առաջացնել ԱՄՆ-ի և Լատինամերիկյան այս երկու պետությունների հարաբերություններում, հայտնում է Ռոյթերսը: