Երեկ, նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:

 

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

 

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հայաստանը ներգրավվում է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

 

«Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- ասել է Սարգսյանը և հավելել, որ սա ռացիոնալ որոշում է և բխում է Հայաստանի ազգային շահերից:

 

Հայտարարությունից հետո բուռն քննարկում և քննադատություններ սկսվեցին Facebook սոցցանցում:

 

Այսօր բողոքի ալիքն արդեն շարունակվում է նախագահական նստավայրի դիմաց, այնտեղ, ի նշան բողոքի, հավաքվել են ակտիիստ քաղաքացիներ: Այնտեղ է նաև Պարույր Հայրիկյանը: