Հայաստանի՝ արդեն իսկ մասամբ կորցրած անկախության ավելի հիմնավոր կորուստը անցնող շաբաթվա միակ նշանավոր իրադարձությունը և միակ նահանջը չէր, այն զուգորդվեց երկրում արդարադատության և այդ համակարգի նկատմամբ հավատի և վստահության կորստի հետ։
Փաստորեն քրեաօլիգարխը ավելի զորեղ դուրս եկավ և հաղթեց դատաիրավական համակարգին, եթե, իհարկե, այս 2 տարրերը դիտարկենք առանձին, այլ ոչ թե որպես նույն ընդհանուր համակարգի մասնիկներ։
Քրեաօլիգարխների և կրիմինալ տարրերի կարևորությունը Հայաստանի իշխանությունների համար գնալով էլ ավելի է ընդգծվում, և հերթական անգամ ապացուցվեց, որ իշխանությունները նրանցից ձերբազատվելու ոչ մի մտադրություն չունեն, եթե նույնիսկ երբեմն նման դեպքեր լինում են, ապա դա այն դեպքում միայն, երբ հասարակական դժգոհությունն այն աստիճանի է հասնում, որ այլևս դրա դեմն առնել հնարավոր չէ։ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպը դրանցից մեկն էր։ Այդ դեպքում գոնե մեղավորների մի մասը այսօր անազատության մեջ է։ Թվում էր, թե Ավետիք Բուդաղյանի սպանությունը նույն գնահատականը պետք է ստանար, սակայն այս ընթացքում իշխանությունները իմունիտետ ձեռք բերեցին նաև երևույթների նկատմամբ և կարողացան իրենց սիրելի քրեաօլիգարխին խաղից հանել առանց կորուստների. մարդասպաններն ազատության մեջ են։
Ինչու՞ իշխանությունները Լիսկային ավելի շատ սիրեցին, քան Ռուբեն Հայրապետյանին, չէ՞ որ երկուսն էլ ժամանակին լավ ծառայություններ են մատուցել նրանց՝ հատկապես ընտրությունների շրջանում, իրենց ընտրատարածքներում ապահովել են վախի մթնոլորտ, հարկ եղած դեպքում գործի են դրել իրենց հաստավիզներին, ՀՀԿ-ի համար միշտ անհրաժեշտ քանակությանմ ձայներ են հավաքել՝ օգտագործելով նաև իրենց ֆինանսական ռեսուրսները։
Միգուցե Լիսկայի ծառայություններն իշխանություններն ավելի բարձր գնահատեցին, սակայն, կարծում եմ, այստեղ դեր խաղաց նաև հասարակական հնչեղության պակասը, ինչը իշխանությունների նոր ձեռքբերումներից է։ Ուշադրություն շեղելու մեթոդների կիրառումը իշխանությունների կողմից գնալով կատարելագործվում և ավելի արդյունավետ է դառնում։ Այս դեպքում շեղող հանգամանքները շատ էին՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ազատամարտիկների բողոքի ակցիաներ, գենդերային հիմարություններ, Կոմիտասի 5, Փակ շուկա և այլն։ Սրանց մի մասը կարող էր լինել արհեստածին, օրինակ' տրանսպորտի թանկացման մասին լուրը և դրանից բխած՝ հասարակական դժգոհության (ինչը լիովին բնական էր) արդյունքում որոշման կասեցումը, ինչը մոռացրեց Լիսկայի տան մոտ եղած միջադեպի մասին։ Արհեստածին եմ համարում նաև գենդերաին թեման, որը նույնպես հնչեղություն առաջացրեց, քանի որ հայերիս մեջ առհասարակ կա այդ արատավոր սովորույթը՝ խառնվել ուրիշի անձնականի մեջ, քննարկել ուրիշի սեռական կյանքը՝ փոխանակ մտածելու շատ ավելի լուրջ խնդիրների մասին։ Իշխանությունները հենց դրա վրա էի խաղադրույք էին կատարել, ինչն իրեն արդարացրեց։
Լիսկաի թեման մոռացվեց, և արդյունքը այսօր տեսնում ենք։ Ուստի հարևանի անկողնու մեջ քիթներս խոթելու և աննշան խնդիրների հետևից ընկնելու փոխարեն գերադասելի է, որ չմոռանանք երկրում առկա կարևոր հարցերը, որպեսզի արդունքում կրկին պարտված դուրս չգանք, մանավանդ երբ խոսքը քրեաօլիգարխիկ համակարգին է վերաբերվում, քանի որ չպետք է մոռանանք, որ մեր երկրում նույնիսկ արդարադատությունն է քրեաօլիգարխիկ։
Կարեն Վարդանյան