www.tert.am ԱՄՆ-ն հետաձգում է Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշման իրագործումը՝ պայմանով, որ այդ երկրի քիմիական զենքն անցնի միջազգային վերահսկողության տակ. ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

 

«Իհարկե, եթե դա տեղի ունենա»,-ասել է Օբաման՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հետաձգել հարձակումը՝ Ռուսաստանի առաջարկությամբ քիմիական զենքը փոխանցելու դեպքում։

 

Օբաման, ով ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտության մասին, հույս է հայտնել, որ դա կլուծվի ոչ ռազմական ճանապարհով։

 

Հանրապետական սենատորներ Ջոն ՄաքՔեյնը և Լինդսի Գրեմը երեկ Կոնգրեսին կոչ էին արել կողմ քվեարկել Սիրիայում ռազմական գործողության իրականացմանը՝ չնայած քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ փոխանցելու վերաբերյալ ՌԴ առաջարկին։

 

Սակայն դեմոկրատներն Օբամայի հայտարարությունից հետո համաձայնել են սեպտեմբերի 11-ին չքվեարկել ռազմական միջոցառումներ անցկացնելու որոշման հարցով։ Այդ մասին հայտարարել է Հարրի Ռիդը՝ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատ-սենատորների առաջնորդը։

 

Երեկ Սերգեյ Լավրովը Դամասկոսին առաջարկել էր քիմիական զենքը փոխանցել միջազգային վերահսկողության տակ։

 

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել էր, որ Դամասկոսը ողջունում է Ռուսաստանի առաջարկը։

 

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դրական էին գնահատել ՌԴ առաջարկը։