Aravot.am «Ժողովրդավարություն նշանակում է՝ ժողովուրդն է կառավարում, զարգացնելով մարդու իրավունքների գաղափարը, չեմ ասում գտել եմ լավագույնը: Գտել եմ մի բան, որը մինչև այսօր գտնված չէ, բայց տրամաբանորեն կապված է առանցքային գաղափարի հետ», հայտարարեց Ազգային Ինքնորոշում Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած քննարկում-դատավարություն ընթացքում: Քննարկումն ընթանում էր Պարույր Հայրիկյանի հեղինակած՝ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ: Հանրային քննարկումները տեղի են ունենալու երեք օր՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին քննարկում-դատավարությունների տեսքով, իսկ սեպտեմբերի 12-ին՝ կլոր սեղան-ամփոփում: Քննարկումների թեման էր՝ բացարձակ ժողովրդավարություն երազա՞նք, թե միջոց:

 

Ամերիկյան ընտրական իրավունքի մասնագետ Վրեժ Զատիկյանը և Վարուժան Տեր-Տրիբունյանը կարծում էին, որ բացարձակ ժողովրդավարությունը միջոց է, իսկ ուսանողներ Ասյա Խալաթյանը և Յուրա Հակոբյանը երազանք էին համարում այն: Քննարկում-դատավարության ընթացքում կողմերը ներկայացրին իրենց տեսակետները և իրար հարցեր ուղղեցին և պատասխանեցին ներկաների հարցերին: Դատավարության կողմերը, ինչպես նաեւ մյուս ներկաները մեկնաբանեցին ուղղված հարցերը, որին հաջորդեց դատավորների դերում հանդես եկող հանդիսատեսի քվեարկությունը: Վրեժ Զատիկյանը իր խոսքը բացեց «Սահմանադրության» առաջին գլխի առաջին և երկրորդ հոդվածներով՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Այնուհետև ներկայացրեց «Բացարձակ ժողովրդավարության» մի քանի ծրագիր, որոնք են ընտրությունների չանցած թեկնածուին հնարավորություն կտան իր ձայները տալ հաղթած թեկնածուին, որպեսզի ժողովրդի ձայնը չկորի, և պառլամենտական ընտրությունները անցկացնել երկու տարին մեկ: Մինչդեռ հակառակ կողմը ներկայացնող Յուրա Հակոբյանի կարծիքով, այդ «Բացարձակ ժողովրդավարությունը» կբերի համատարած այլասերության և քաոսի: Դատավարության վերջում «դատավորները» քվեարկեցին. 27 հոգի կողմ էր «Բացարձակ ժողովրդավարությանը» որպես միջոցի, 7-ը՝ որպես երազանքի և 1-ը ձեռնպահ էր:

 

Հեղինակ`  Ամի Չիչակյան