www.tert.am Եմենի հյուսիսային Հարադհ քաղաքում 8-ամյա աղջիկը 40 տարեկան տղամարդու հետ պսակադրվելուց հետո մահացել է ամուսնական առաջին իսկ գիշերը՝ բժիշկների ախտորոշմամբ' ներքին արյունահոսությունից, ինչի մասին տեղեկացնում է Yahoo! News-ը՝ վկայակոչելով ակտիվիստներին։
Իրենից 5 անգամ մեծ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Հայտնի է դարձել, որ քաղաքային իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկել աղջկա ամուսնուն և ընտանիքին։
Այս մտահոգիչ դեպքը մեծ իրարանցում է առաջացրել մեդիադաշտում՝ ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրելով մանկահասակ հարսնացուների վիճահարույց խնդրին։
Եմենում մանկահասակ աղջիկներին ամուսնացնելու ավանդույթը լայն տարածում ունի, քանի որ բնակիչների մեծ մասն ապրում է աղքատության մեջ և գումար չունի երեխաներին պահելու համար։