Lragir.am ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում: «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների համաձայն' Ֆյուլեն իր ելույթը նվիրել է Ռուսաստանի կողմից Արևելյան հարևանության ծրագրի ուղղությամբ գործադրվող շարունակական ճնշումներին: Մեդիամաքսի աղբյուրի համաձայն, հանձնակատարը նաեւ հստակեցնում է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անհամատեղելիությունը Մաքսային միության հետ պայմանավորված է ոչ թե գաղափարախոսական, այլ զուտ իրավական պատճառներով:

 


Հանձնակատարը նաև խոսելու է այն մասին, որ Արևելյան գործընկերության երկրները կարող են Մաքսային միության հետ սերտացնել հարաբերությունները որպես դիտորդ երկիր, դա համատեղելի կլինի և չի խանգարի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն:

 


Հետաքրքրական է այն, որ Ֆյուլեն հստակեցնելու է Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության անհամատեղելիությունը, ընդգծելով, որ այստեղ ոչ թե գաղափարական, այլ իրավական խնդիր է:
Սա բավական ուշագրավ հանգամանք է: Մի կողմից Ֆյուլեն գուցե ընդամենը փորձելու է մեկ անգամ եւս հստակ բացատրել Եվրամիության դիրքորոշումը, մյուս կողմից այստեղ կարող է լինել հետաքրքիր զարգացումների համատեքստ: Ընդգծելով, որ խնդիրը իրավական է, ոչ գաղափարական, Ֆյուլեն գուցե հող նախապատրաստի այդ իրավական խնդիրները հաղթահարելու ուղիների շուրջ եվրոպական քննարկումների համար:

 

Այսինքն, այստեղ ակնարկված առաջարկ կարող է լինել Եվրախորհրդարանին, փորձել քննարկել իրավական հակասությունները հնարավորինս չեզոքացնելու հարցը: Այսինքն, այդպիսով հնարավոր կդառնա այդուհանդերձ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի հետ ներառյալ Ազատ առեւտրի մասը՝ անգամ թեկուզ ոչ ամբողջությամբ:

 


Սա կլինի Եվրամիության բավական հետաքրքրական պատասխան Ռուսաստանին: Բրյուսելն այդպիսով առավել ճկուն կդարձնի Ասոցացման գործընկերների, տվյալ դեպքում մասնավորապես Հայաստանի հետ իր հետագա հարաբերության հնարավորությունը: Թեեւ հարցն իհարկե կպահանջի բավական ծավալուն քննարկումներ ու տեւական ընթացակարգ, այն էլ եթե Ֆյուլեի հայտարարության մեջ իսկապես լինեն դրա վերաբերյալ մեսիջներ եւ ոչ թե պարզապես հերթական անգամ պարզ փաստի շարադրում ոչ այնքան լավ հասկացողների համար: