tert.am Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») դիմաց այսօր միանգամից բողոքի ցույց են անում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամները և այն քաղաքացիները, որոն պահանջում են շուկայի վերաբացումը:
Առաջին խումբը եկել է «Ոչ վարձու ընդդիմախոսներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղեի բացմանը», «Ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին» վերտառությամբ պաստառներով: Նրանք վանկարկում էին նաև «բա-ցում» ու «Ալեքսանյան բարերար»։
Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները շուկայի մայթի վրա են, ակտիվիստները՝ դիմացի: Երկու կողմերում էլ ոստիկանները պահպանում էին հասարակական կարգը:
Կողմերի միջև բախումներ չեն գրանցվել, բացառությամբ մի միջադեպի, երբ շուկայի վերաբացման կողմնակիցներից մեկն անցավ մայթը և պահանջեց, որ ակտիվիստները հեռանան՝ հավելելով, որ նրանք չգիտեն, թե ինչ բարի, ազնիվ, բարերար է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին «Աստված է երկնքից ուղարկել»:
Ակցիայի ընթացքում շինարարությունը շարունակվում էր: Աշխատանքներ էին տարվում հատկապես շենքի ճակատային հատվածում: