168.am  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել նախորդ տարի մահացած հղի կնոջ՝ Հրածին Մալխասյանի գործով դատական նիստը: Գործով մեղադրյալը «Գրգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանն է:

 

«Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա' հանդիսանալով Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահ»,- ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ ասված է մեղադրական եզրակացության մեջ:

 

Pastinfo-ի փոխանցմամբ՝ երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը հրապարակել է Հրածին Սաֆարյանի իրավահաջորդի՝ նրա ամուսին Շիրակ Ասատրյանի նախաքննական ցուցմունքները: Ըստ նրա ցուցմունքի՝ կինը ֆիզիակապես առողջ է եղել. երբ իմացել են նրա հղիության մասին, որոշել են ընդհատել այն, քանի որ կինը բավական մեծ է եղել և թոռնիկ է ունեցել: Մի քանի բժշկական կենտրոններում մերժել են ընդհատել հղիությունը, իսկ Վարուժան Մարդանյանը համաձայնել է անել այն: Ըստ pastinfo-ի՝ բժիշկը զանգահարել է իրեն և ասել, որ կնոջ արգանդը պետք է հեռացվի, ինքը համաձայնել է:

 

Ապա Հրածին Մալխասյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշական կենտրոն, որտեղ նա մահացել է: Մայրական մահացության այս դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումայնանը ստեղծել էր աշխատանքային խումբ՝ այն ուսումնասիրելու համար: 168.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ եզրակացության են հանգել աշխատանքային խմբի անդամները:

 

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Մարինե Հայրապետյանը ի պատասխսն ասաց. «ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մամիններն ու պաշտոնատար անձիք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ և օրենքներով: ՀՀ կառավարության 2002-ի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը օրենսդրությամբ վերապահված իրավասություն չունի միջամտելու դատաիրավական մարմինների աշխատանքին: Քանի որ Հրածին Մալխասյանի քրեական գործի վարույթը չի ավարտվել, ուստի ՀՀ առողջապահության նախարարությունը չի տիրապետում նրա բժշկական փաստաթղթերին և դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ինչը և թույլ չի տվել մասնագիտական հանձնաժողովին տալ եզրակացություն»: