«Ինձ արդեն 1500 հատ զանգ է եկել 5 ժամվա մեջ, ամեն մեկը ուզում է մի բան իմանալ: Փոխարեն իմ տղայի առողջության մասին մտածեմ, ես ձեր զանգերին պիտի պատասխանեմ, բացատրություններ պիտի տամ։ Հարցեր եք տալիս, ես այդ հարցերի ժամանա՞կն ունեմ, որ տալիս եք, պիտի զանգեք, ասեք՝ նորմա՞լ է, իր հետ լուրջ խնդիր կա, թե չկա, ես էլ կասեմ, որ չկա։ Դուք ավելորդ հարցեր եք տալիս, լրագրողներդ»,- այսպես է այսօր կշտամբել իր որդու որպիսությունը իմանալու համար զանգահարած լրագրողին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Երբ լրագրողը նրան հորդորել է հանգստանալ, չզայրանալ, կռիվ չանել, դրա փոխարեն ասել, թե ինչպես է որդին, ինչու նրան տարան Գյումրի եւ երբ կբերեն Երեւան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն-նախարարը, անցնելով վիրավորանքների, գոռացել է. «Ավելորդ հարցեր ես տալիս, աղջի»։
Փաստորեն, մեկը մեկի դասերը սերտելով` սովորել են քաղաքացիներին, այդ թվում լրագրողներին, վիրավորել և մնալ անպատասխան: Որոշ պաշտոնյաներ իրենց լեքսիկոնը թարմացրել են «ոչխար» բառով, սպորտի նախարարը լրագրողին քուչի բառապաշարով «աղջի» է անվանում, հայ պաշտոնյաները մտքի թռիչքներ են արձանագրում այնպիսի բառերի վերհառնման ու պրոպագանդման գործում, ինչպիսին են համբալը և շատերի ծագումնաբանությունն ընդգծող նմանատիպ այլ բառեր:
Երևի պետք է կոչ անել լրագրողական համայնքին՝ բոյկոտել և չլուսաբանել նման անձանց, որպեսզի թաղվեն մոռացության փոշու մեջ և շատ վեր-վեր չթռչեն իրենց պաշտոններով: Եվ թող իրենց աստվածային մեծություն երևակայելուց առաջ հիշեն, թե ինչպիսի կշիռ ունեն իրենք հասարակության մեջ՝ նույնպիսի զրո, ինչպիսին կլիներ տիեզերքի անծայրության մեջ իրենց պատկերով և նմանությամբ թափառող որևէ կենդանի...
Վարուժան Բաբաջանյան