Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը երբևէ չի փորձել հանդիպել «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ ու քննարկել Փակ շուկայի շինարարության հարցը: Tert.am-ի հետ զրույցում ճարտարապետն ընդգծեց, որ դա անիմաստ քայլ կլինի:
«Նա այն կատեգորիայի անձնավորություն չի, որ բանականության հետ որևէ առնչություն ունենա»,-ասաց Սաշուր Քալաշյանը:
Ինչ վերաբերում է «Փակ շուկայի» շինարարության դեմ տարվող պայքարին, ապա ճարտարապետը վտահեցրեց, որ այն շարունակական է լինելու:
«Որևէ բան չի փոխվել մեր շարժման մեջ: Լինելու են ելույթներ ակցիաներ, մեղադրականներ Կառավարության հասցեին: Ի վերջո ո՞րն է մեր բողոքի իմաստը, որ անօրինական գործողություններ են կատարվում հանրապետությունում, իսկ անօրինականությունը պետք է կանխեր կառավարությունը: Եթե կառավարությունը չի կանխում, ուրեմն այս կառավարությունը կենսունակ չէ: Նա օրըստօրե կորցնում է իր լիազորությունները և վաղը, մյուս օրը փլուզվելու է՝ կամա թե ակամա: Այդպիսի կառավարություն չի լինում: Մեր պայքարը պարզապես արագացնում է այդ գործընթացը»,-ասաց նա:
Սաշուր Քալաշյանն այն վստահությունը հայտնեց, որ Փակ շուկան, որպես պատմամշակութային հուշարձան, հայ ժողովուրդը չի կորցնի, քանի որ այն միշտ էլ կարելի է վերականգնել և եթե ոչ այս իշխանության օրոք, ապա անպայման հաջորդին:
«Բայց ցավում եմ, որ այսօր մեր խումբը Ալեքսանյանի բերած խմբի առջև փոքրամասնություն է կազմում: Սա պետք է լայն ու ծավալուն զարգացում ունենար, բայց չունի: Մարդիկ կամ հոգնել են, կամ չգիտեմ, բայց մեր կոչումը նա է, որ այս հարցերի թեժությունը պահենք հասարակության մեջ ու մոռացության չտանք»,-ասաց նա և ընդգծեց, որ եթե հայ հասարակությունը անտարբեր լինի, ամեն ինչ կարող է հերթով կորցնել: