Նախքան երեկվա հերթական դատական նիստը' Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել, որին միացել էին նաև մի շարք հայտնի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: Ընդ որում, այդ միացումումը սոսկ քաղաքացիական ակցիա չէր, ոչ էլ աղմուկ բարձրացնելու միջոց, մարդիկ պատրաստ էին անձնապես նյութական և բարոյական պատասխանատվություն կրել' ազատության մեջ հայտնվելուց հետո Տիգրանի' դատական պրոցեսներին հավուր պատշաճի ներկայանալու համար: Սակայն դատարանը, այս դեպքում ամբողջ պետական համակարգը, անդրդվելի մնաց անգամ հարյուրից ավելի պետական և հասարակական գործիչների միջնորդությունից հետո:

 

Եթե փաստենք, որ քաղբանտարկյալի ազատության համար երաշխավորած քաղաքացիների զգալի մասը ընդդիմադիր դաշտի գործիչներ չէին, սակայն միացել էին երաշխավորագրին, եթե փաստենք, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին զգալի թվով ազդեցիկ գործիչներ, եթե փաստենք, որ ստորագրած անձանց մեծ մասը պետության համար անուրանալի վաստակ ունեցող մարդիկ են' պետք է ընդունենք, որ դատավորի երեկվա որոշումը ապտակ էր այդ անձանց, յուրահատուկ արհամարհանք: Մի քանի հոգի իրենց փոքրոգի վրեժխնդրության համար բացեիբաց հայտարարեցին, որ թքած ունեն թե մեր երաշխավորության, թե մեր հասարակական նշանակության վրա: Հերթական անգամ քաղաքացին ուղղակիորեն հասկացվեց, որ մեր պետության մեջ ինքը գլխաքանակ է, ոչ թե արժեք, ու ինքը ճաղերի հետևում չէ, որովհետև այս պահին վերևներին դրսում է պետք' որպես թնդանոթի միս:

 

Եվ վերջում, չկարողացա այդպես էլ հասկանալ, իսկապես Տիգրան Առաքելյանը այն ֆիգուրն է, որից այդպես «մրսում» են իշխանությունները: Նրան ազատ արձակելով' վաղուց ազատված կլինեին շատ ու շատ գլխացավանքներից, բայց ոչ, ամեն ինչ արվում է' հնարավորինս երկարաձգելու նրա բանտարկությունը:

 

Ըստ երևույթին, վախենալու լուրջ պատճառ ունեն: Երևի անվտանգության ծառայությունները անհերքելի փաստեր ունեն, որ հայ քաղաքական երկնակամարում հայտնվել է այն մարդը, ումից պետք է սպասել ռեալ վտանգ: Երևի հույժ գաղտնի ինֆորմացիա կա, որ կալանավայրում է գտնվում այն միակ մարդը, որը ազատության մեջ հայտնվելով' հինգ րոպեում իշխանափոխություն է անելու: Այդ մարդուն բանտում պահելով' իշխանությունները հնարավորինս երկարաձգում են իրենց գոյությունը...

 

Այդ մարդը Տիգրան Առաքելյանն է:

 

Վարուժան Բաբաջանյան