Haynews.am Հարցազրույց տնտեսագիտության թեկնածու Լևոն Վրթանեսյանի հետ:
- Պարոն Վրթանեսյան, այսօր Կառավարության նիստում հաստատվեց Մաքսային միությանն անդամակցության համար յոթ աշխատանքային խմբերի ձևավորման հարցը, որոնք պետք է տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու հնարավորություններն ուսումնասիրեն: Կարծես' արդեն գործնական քայլեր են արվում այս ուղղությամբ, մինչդեռ քաղաքական գործիչներն իրարամերժ կարծիքներ են հայտնում: Մասնավորապես, ի թիվս այլ գործիչների' խնդրին երեկ անդրադարձել էր նաև նախկին վարչապետը:
- Մաքսային միությանն անդամակցության հարցն իրոք լրջագույն տնտեսական և քաղաքական մարտահրավեր է Հայաստանի համար: Մեզ համար կարևոր է, թե որքանով Հայաստանը պատրաստ կլինի Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի տնտեսությունների հետ ազատ առևտրի և առողջ մրցակցության: Իհարկե, հարցերի հարցը հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանն է առնչվում, առանց որի ոչ Մաքսային, ոչ Եվրոպական միության ազատ առևտրի գոտում մեր անդամակցությունը մեզ ավելի խոցելի կդարձնի: Ինչ վերաբերվում է տարբեր գործիչների հայտարարություններին, ապա ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ հատկապես Բագրատյանին սկսում են խոսեցնել ժողովրդի ուշադրությունը շեղելու, հասարակությանն ինչ-որ բանով զբաղեցնելու նպատակով: Հաշվի առնելով նրա անհավասարակշիռ հոգեվիճակը' չեմ բացառում, որ նրանով զվարճանում են ճիշտ այնպես, ինչպես, ասենք, երեխաների համար ծաղրածու հրավիրելիս: Մարդու անլրջությունը տվյալ դեպքում այն է, որ երկու շաբաթից ավել Հայաստանի ամբողջ հանրությանը ցնցած իրադարձությանը սույն բանախոսը անդրադառնում է «Մոսկվայի ժամանակով», այսինքն' ուշացած: Այն ժամանակ, երբ թեմային անդրադարձել են ոչ միայն լուրջ մասնագետներ, այլև ամեն տեսակ դիլետանտներ, ներդրված գործակալներ, տնային տնտեսուհիներ և այլն: Իսկ այն միտքը, թե միայն ինքն է առաջարկել հանրաքվե անցկացնել, նույնքան հին ու մաշված է, որքան իր դեմքը, կամ, մեղմ ասած, փոխառնված, այսինքն՝ գողացված մտքերը: Հիշեցնենք, որ հանրաքվեի առաջարկով հանդես են եկել Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը և այլ հայտնի ու անհայտ մարդիկ: Իսկ որ ամենակարևորն է, Կիևում վերջին տարիներին հաճախ հայտնվող տարաբախտ գործիչն այնքան ազնիվ չէ նշելու, որ հենց այնտեղ ընդամենը մի քանի օր առաջ նմանօրինակ խնդրի շուրջ անցկացվեց օնլայն հանրաքվե: Հետո էլ արդարանում է, թե գրագող չէ:
- Կարծո՞ւմ եք արդյոք, որ հանրաքվեն կարող է հստակություն մտցնել նման հարցերում:
- Իմ համոզմամբ' առավել ժողովրդավար երկրներում, օրինակ' Շվեյցարիայում, ռազմավարական բնույթի գրեթե յուրաքանչյուր հարցին ժողովուրդը հանրաքվեով է պատասխանում: Ուկրաինայի պարագայում իրավիճակն այլ է: Այս երկիրն իրականում և տնտեսապես, և քաղաքական առումով նախապատրաստական երկար շրջան է անցել: Այն սահմանակից է Եվրամիությանը, վաղուց դե ֆակտո ինտեգրված է տնտեսական համակարգում, իսկ հիմա հանրաքվեով որոշում է ԵՄ-ից արտոնություններ ստանալու հարցը: Ուստի, ինչպես ինքներդ եք տեսնում, տարբերությունները զգալի են: Սակայն սա դեռ ամենը չէ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մինչդեռ Ուկրաինան Ռուսաստանի հետ ոչ միայն դաշնակից չէ, այլև հանդիսանում է ի հեճուկս Ռուսաստանի ստեղծված ՎՈՒԱՄ-ի անդամ, որի կազմի մեջ են մտնում ԱՊՀ-ից հրաժարված Վրաստանը, ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը չստորագրած Ադրբեջանը և Մոլդովան: Ի դեպ, ՎՈւԱՄ կենտրոնակայանը հենց Կիևում է: Այնպես որ, հանրաքվեի ջատագովին վատ չէր լինի ծանոթանալ այս տարրական ճշմարտություններին և չմոռանալ, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման մյուս ձևը՝ նախագահական ընտրությունը, կարծես թե փարատել էր հաջորդ իշխանությանը ձգտող այս գործչի բոլոր կասկածները՝ վերջինիս արժանացնելով 98% ատելության և արհամարհանքի:
- Գրագողության վերաբերյալ խոսակցությունները թեժանում են: Որպես տնտեսագետ' կարծո՞ւմ եք արդյոք, որ կարելի է պատվիրել որևէ մեկին մեղադրել գրագողության մեջ:
- Պատվերներ միշտ կարելի է տալ, բայց պարկեշտ մարդուն մեղադրելն այդքան էլ հեշտ չէ: Տնտեսագիտությունը փիլիսոփայություն չէ և չի կարելի վերացական մտքերի համար ենթադրություններ անել կամ դատի տալ: Հիշեցնեմ, որ Գերմանիայում նախարարներ են հրաժարականներ տվել գրագողության համար: Հատկանշական է նաև, որ հանրության մեջ բարի համբավ վայելող Մանե Հակոբյանը միակը չէ, որ մեղադրել է Բագրատյանին: Նման մեղադրանքներ են հնչեցրել նաև իր նախկին թիմակից, ՀԱԿ անդամ Մովսես Արիստակեսյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը և այլոք: Ինչպես ասում են' ծուխն առանց կրակի չի լինում: Գրագողություն կա նաև Բագրատյանի դոկտորական ատենախոսությունում, որի պաշտպանությունը նա, ինչպես հայտնի է, աչքից հեռու, կազմակերպել է ռուսաստանյան բուհերից մեկում: Եթե հարկ լինի' կարող ենք հրապարակել նաև ավելի հստակ տվյալներ: Կարծում եմ' նրանով պետք է զբաղվի ԱԺ էթիկայի հանձնաժողովը և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը:
- Նախկին վարչապետը խոսում է նաև դավաճանության մասին:
- Գիտեք, սա շատ ծանր մեղադրանք է: Կարծում եմ' «համբալներ», «դավաճանություն» և այլ բառեր օգտագործող մարդուն պետք է երբեմն օրենքով կարգի հրավիրել, ինչպես նաև հիշեցնել իր կողմից վարչապետության օրոք կատարած այն ազգակործան քայլերը, որոնք առավել համապատասխան են «դավաճանություն» պիտակին: