Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության որոշմամբ, 2013 թվականի աշնանը Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու, որից մինչ օրս մարզ է ներկրվել և համայնքներին բաշխվել շուրջ 130 տոննան:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի փոխանցմամբ' ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ են նաև համայնքների կողմից ստացված դիզվառելիքի դիմաց վճարման և մնացած դիզվառելիքը համայնքներ ներկրելու աշխատանքները:
Շարունակվում են պայմանագրով 2012 թվականի աշնանը մարզին հատկացված 250 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետվերադարձման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ' կառավարության կողմից տրամադրվող սերմացուն, պարարտանյութն ու դիզվառելիքը մարզում վարելահողերի աճ են գրանցել, ինչի արդյունքը մշակվող հողակտորների ավելացումն է:
Այս ամենի հետ մեկտեղ' մարզի գյուղատնտեսության, մասնավորապես հողագործության ոլորտը դեռևս մի շարք խնդիրներ ունի, որոնցից առաջնահերթը մարզում ոռոգման համակարգերի ու հակակարտային կայանների բացակայությունն է, ինչպես նաև շատ համայնքների՝ հակառակորդի գնդակի տակ գտնվելը: