«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ վաղը հնարավոր է նշենք անկախության վերջին տոնը. «Ոչինչ չի բացառվում: Կարող է Ռուսաստանում Պուտինն արթնանա եւ որոշի, որ ժամանակն է Հայաստանն արդեն ռուբլու գոտի մտնի, ժամանակն է, որ այստեղ ավելի մեծ թափով գրասենյակներ գործեն, որոնք մեր հայրենակիցներին կտանեն ալթայներում աշխատացնելու: Ռուսաստանը, գիտեք, աշխատուժի կարիք ունի: Եթե ամեն ինչ որոշվելու է Կրեմլում, թե Հայաստանում ինչ պետք է տեղի ունենա, ինչպես պետք է վարվի այս կամ այն հարցերում, դա բնականաբար նշանակելու է, որ այդ դրոշի եւ հիմնի պահպանությունն ընդամենը ձեւական բնույթ կրող հանգամանքներ կլինեն»:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ բոլոր լուրջ փորձագետները, ովքեր օբյեկտիվ կարծիք են հայտնում Մաքսային միություն մտնելու մասին, այլ ոչ թե իշխանություններին քծնելով փորձում են ամեն կերպ արդարացնել նախագահի՝ սեպտեմբերի 3-ի որոշումը, ասում են, որ թանկացումներ են լինելու՝ Մաքսային միությանը միանալու արդյունքում. «Հենց թեկուզ մաքսադրույքների պահով դուք գիտեք, որ Հայաստանում բավականին լիբերալ ռեժիմ է, ցածր մաքսադրույքներ են գործում՝ ի տարբերություն ՌԴ-ի:Եթե մենք միանալու ենք ՄՄ-ին, բնականաբար, բոլոր ապրանքները կտրուկ թանկանալու են: Արտագաղթի շեշտակի ավելացում է լինելու: Այս իշխանություններն իրենց աթոռը պահպանելու համար, կարծես թե, որեւէ բանի առջեւ չեն պատրաստվում կանգ առնել»:

Իշխանության հիմնավորումը, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մաքսային միություն մտնելն անհրաժեշտություն էր՝ Հովսեփ Խուրշուդյանն այսպես մեկնաբանեց. «Մեր անվտանգությունը երբեք այսքան վտանգված չի եղել, քան հիմա, երբ դու ամբողջությամբ քո անվտանգության ապահովման լծակները տրամադրում ես մեկ երկրի եւ որեւէ դիվերսիֆիկացիա չկա, որ դու կարողանաս գոնե բալանսավորես քո անվտանգությունը նաեւ Արեւմուտքի հետ կապված, Հարավի, բոլոր ուղղությունններով: Դու արդեն քո անվտանգությունը հստակ հարվածի տակ ես դրել: Եթե Պուտինն է որոշելու, Կրեմլն է որոշելու քո անվտանգության չափը, ես վստահ եմ, որ առանձնապես մեծ սեր այդ անձնավորությունը Հայաստանի հանդեպ չի տածում, իր շահերի հանդեպ է տածում: Եթե վաղը որոշի, որ Աղդամը մեր հայրենիքը չի, ասի՝ եկեք հանձնենք Ադրբեջանին, մանավանդ, որ Ադրբեջանը դրա դիմաց մի քանի տասնյակ միլիարդ այլ ապրանքներ կարող է գնել ՌԴ-ից թանկ գներով՝ գործարքների կգնա: Եթե Հայաստանի հաշվին կարողանա իր երկրի բարեկեցությունն ավելացնել, մենք որեւէ բան չենք կարողանալու անել, որովհետեւ ամբողջությամբ տրվել ենք ՌԴ-ի կամարտահայտությանը: Ես չեմ կարծում, որ մեր անվտանգությունն այդ դեպքում որեւէ կերպ ապահոված է: Ինչպե՞ս կարող է մեր անվտանգությունն ապահովել մի երկիր, որը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում մեր ուղիղ թշնամուն, որը չի էլ թաքցնում, որ հարձակվելու է մեզ վրա: Ես չեմ հավատում, որ նման երկիրը որեւէ շահագրգռություն ունի մեր անվտանգությունն ապահովելու»: