Tert.am 22 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ն «այո» ասաց անկախությանը։
Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։

 

Երկրում սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացման, իսկ վերջերս նաև՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո տարբեր քաղաքական գործիչների ու քաղաքագիտական շրջանակների կողմից շատ է խոսվում ինքնիշխանության սահմանափակման և անգամ՝ Հայաստանի կողմից անկախության դե ֆակտո կորստի մասին:

 

Անկախության 22 տարիներին Հայաստանի անցած ճանապարհի, կորուստների ու ձեռբերումների մասին Tert.am-ը զրուցել է նկարիչ Սամվել Սևադայի և Դանիել Երաժշտի հետ:

 

Նկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի համոզմամբ՝ անկախության անցած 22 տարիներին ամենաակնառու և դրական փոփոխությունները գրանցվել են երիտասարդության շրջանում: «Խոսքս ազատամտության մասին է,-կոնկրետացրեց Սամվել Սևադան,-մեր ժամանակներում դա չկար: Սահմանափակ էր մեր ժամանակ այդ ազատություն կոչվածը: Մենք ավելի Սովետական Միության գաղափարախոսության կրողն էինք: Շատ բաներից տեղյակ չէինք ու չէինք էլ կարող լինել, բայց հիմա, փառք Աստծո, և ճանապարհներն են բաց, և բացի դրանից ինֆորմացիան սարսափելի հազարապատկված է մեր ժամանակների հետ համեմատած»:

 

Ըստ Սամվել Սևադայի, լինել անկախ, նշանակում է նաև ունենալ խնդիրներ: Խորհրդային Միությունը լավ, թե վատ որոշակի կայունության երաշխիքներ էր տալիս: «Մարդիկ աշխատում էին, մտահղացումներ կային, ինչ-որ հաջողության հասնելու՝ թեկուզ սահմանափակ, ձգտում կար: Աշխարհի 1/6-րդ տարածքում էինք ապրում, և այդ տարածքում բոլոր ճանապարները բաց էին: Հիմա մեզ համար, ճիշտ է, աշխարհի առումով են ճանապարհները բացվել, բայց շատ ճանապարհներ էլ փակվել են»,-նկատեց Սամվել Սևադան:

 

Արվեստագետը ցավում է, որ անկախությունը շատ արվեստագետների արտագաղթի պատճառ հանդիսացավ: Նկարիչների, երաժիշտների, գրողների 60-70 տոկոսը հեռացան երկրից և շարունակում են հեռանալ, իսկ ովքեր որ մնում են՝ ահավոր դժվարություններ են հաղթահարում: «Շատ բաներ աբսուրդ են դարձել: Օրինակ գրողները, պոետները, որ ժամանակին այդքան գնահատվում էին, կարողանում էին 30-40 հազար տպաքանակով գիրք հրատարակել ու սպառում կար: Հիմա 300 օրինակ գիրք են տպում՝ տարիներով մնում են խանութներում: Անկախության սերունդը չի կարդում, չի ճանաչում հայ արդի բանաստեղծին: Սա է ցավն ինձ համար»:

 

Նույն խնդրի առաջ են կանգնած երաժիշտներն ու նկարիչները: Արվեստագետների աշխատանքը Հայատանում չի վճարվում: «Երաժշտական դպրոցի ուսուցիչը 25 հազար դրամ աշխատավարձ է ստանում, էն դեպքում, երբ դա ընդհանրապես փող չի,-ասաց Սամվել Սևադան՝ հավելելով, որ շատ կուզենար, որ «հարմարվողները» քչանան, թեև էդ տեսակը աշխարհի բոլոր երկրներում էլ կա, միշտ եղել է ու կլինի, քանի դեռ մարդկությունը կա:

 

«Ես երազում եմ, որ անկախ Հայաստանը մաքուր լինի, շեն լինի, ժողովուրդը բարոյական լինի, իրար չխաբեն, գյուղերը ծանր վիճակից դուրս գան, արտագաղթ չլինի: Կուզենայի, որ երկիրս իրապես անկախ լինի»:

 

Դանիել Երաժշտի գնահատմամբ՝ անկախությունը պահանջում է մեծ ճիգ, ջանք ու պատասխանատվություն:
«Եվ անձնազոհություն էդ ճանապարհը անցնելու համար,-մեկնաբանեց Դանիել երաժիշտ և ավելացրեց,- որովհետև դա մեր ժողովրդի դարավոր իղձն էր, մենք մեր անցած ճանապարհն ենք փրկում, որ թողել են մեզ մեր նախնիները: Նրանք էլ են սպասում անկախության լիակատար հաղթանակին: Այսինքն՝ ովքե՞ր են սպասում. մեր ոսկեդարի մտածողները, մեր պապերը, հիմա մեզ են նայում դարերի խորքից և հետևում են մեզ: Արդյո՞ք մենք կկարողանանք լիակատար հաղթանակի հասնել»:

 

Դանիել Երաժիշտը լավատես է, կարծում է, որ Հայաստանն ունի դրան հասնելու լծակներ: «Անկախությունը պրոցես է: Ռոմեն Ռոլանն ասում էր՝ «հնարավոր չէ մեկընդմիշտ հաղթանակել , հաղթանակ են տանում ամեն օր, օրից օր: Ամեն օր պետք է հաղթանակ տանենք»»,-ասում է նա:

 

Կոնկրետ Մաքսային միության մասին Դանիել Երաժիշտը ոչինչ չի կարող ասել, քանի որ «մասնագետ չէ», բայց մի գիտի՝ապրել, նշանակում է մաքառել:

 

«Մարդը ձգտում է դեպի անմահություն, ավերիչ ուժերը հաղթահարելով, դեպի ոգեկանություն, ուստի մարդու կյանքը միշտ վտանգված է: Դավիթ Սաղմոսերգուն դեռ Աստվածաշնչում՝ հին Կտակարանում ասում էր, նաև Լև Տոլստոյն էր ասում, մենք ոչ թե ապրում ենք այստեղ, այլ անցնում ենք այս աշխարհով: Իսկ էդ ճանապարհը փշոտ է՝ խավարից դեպի լույս, փշերի միջով դեպի լույս»: Այս փիլիսոփայությունն էլ ըստ Դանիել Երաժշտի՝ պետք է գործի անկախության պարագայում:

 

Ինչ վերաբերում է գնահատականին, թե անկախությունը մնացել է թղթի վրա, երաժիշտն ասաց. «Ուրեմն պետք է փայփայենք այդ թուղթը»: