Ինչպես հայտնի է՝ 1979 թվականի ապրիլի 1-ից հետո, երբ Իրանը հռչակվեց Իսլամական Հանրապետություն, նոր իշխանական համակարգի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով հարաբերությունները Արևմուտքի հետ աստիճանաբար լարվեցին: Եվ ահա, ավելի քան 30 տարի անց, Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին, կարծես թե, ձգտում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ: Այդ են վկայում միջազգային տարբեր հարթակներում Իրանի կողմից ամենաբարձր մակարդակով վերջին շրջանում արված հայտարարությունները: Այսպես, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը և նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Twitter -ի միջոցով շնորհավորել են ամբողջ աշխարհի հրեաներին՝ նրանց Նոր տարվա կապակցությամբ, ազատ են արձակել Իրանում պահվող մի շարք քաղբանտարկյալների, նամակներ են փոխանակել Բարաք Օբամայի հետ, բանակցությունները' կապված Իրանի միջուկային ծրագրերի հետ, անվանել «ճկուն» և այլն:


Միաժամանակ, Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց, Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև: «Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը, որպեսզի ստեղծենք այնպիսի տարածաշրջան, որտեղ պետություններ կարող են կերտել իրենց սեփական ճակատագրերը և լուծել իրենց խնդիրները առանց որևէ այլ պետության օժանդակության»,- գրել է Ռոհանին Washington Posti -ի սյունակում: Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսին, նախագահ դառնալուց ի վեր, Ռոհանին նշում է, որ ինքը կառուցողական համագործակցության կողմնակից է: Սակայն Արևմուտքը, ըստ էության, պետք է զգուշավոր է վերաբերվի Իրանի նախագահի արված առաջարկին, քանի որ նրանք բազմիցս մեղադրել են Իրանին՝ Սիրիայի կառավարությանը ռազմական, ֆինանսապես և այլ ռեսուրսներով օժանդակելու համա:

 

Այս ամենը հույս է տալիս ենթադրելու, որ, ի վերջո, կկարգավորվեն տասնամյակներ շարունակվող լարված հարաբերությունները Իրանի և Արևմուտքի միջև, քանի որ նրանց միջև ծագող ցանկացած նոր խնդիր անուղղակիորեն ազդում է Հայաստանի Հանրապետության և Իրանում ապրող հայության վրա:

 

Վարուժան Բաբաջանյան

Ըստ արտասահմանյան մամուլի