Այսօր Հայաստանի երրորդ անկախ հանրապետությունը 22 տարեկան է: Ի՞նչ է փոխվել Խորհրդային միությունից հետո, ի՞նչ ունենք, ի՞նչ ենք կորցրել: Ինչպիսին էր ԽՍՀՄ-ի կազմում ապրող և անկախության համար պայքարող և ներկայիս երիտասարդների տարբերությունը: Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի մշակույթի մասին բարձր կարծիքի, հայրենասիրության պակասի և այլ հարցերի մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է թատերագետ, գրող, ռեժիսոր Լևոն Մութաֆյանի հետ:
-Պրն. Մութաֆյան, ի՞նչ ունենք այս 22 տարվա ընթացքում, որ չունեինք դրան նախորդող 70 տարվա ընթացքում:
-Չափազանց ակնհայտ է մի բան, որ ունենք անկախ հանրապետություն: Խորհրդային միության կազմում մենք ունեինք հանրապետություն, մենք ունեինք պետության համար բոլոր անհրաժեշտ ատրիբուտները՝ կառավարություն, նախարարություններ, սահմադրություն, լեզու, մշակույթ, դպրոց, եկեղեցի և այլն, սակայն մենք մաս էինք կազմում մի մեծ պետության՝ կորցրած լինելով ինքնուրույն առաջնորդվելու ու վճիռներ կայացնելու թանկ հատկանիշը, որն էլ հենց կոչվում է անկախություն: Ունենք բանակ, որը մեր ամրության խորհրդանիշն է, մեր արդեն նախկին հաղթանակների և հուսանք, որ ակնկալիք հաղթանակների երաշխավորը: Ունենք մի զգացողություն, որ այլևս կախված չենք մի երկրից, որևէ վերին օղակներից, որ մեր հարցերով դիմենք նրանց, նրանք մեզ համար վճիռներ կայացնեն: Լավ, վատ, արդեն մենք ինքներս ենք կայացնում մեր վճիռները: Իբրև դրական և կարևոր ձեռքբերում ունենք դա: Բայց նաև ունենք հիասթափություն, ունենք անհանգստություններ, տագնապներ, որովհետև, պարզվում է, և արդեն նկատում ենք, որ անկախությունը շատ դեպքում ընկալում ենք սոսկ իբրև բառ, սոսկ իբրև զգացողություն, բայց ոչ իբրև գոյաձև, ոչ իբրև փիլիսոփայություն:
-Ի՞նչ ունեինք 70 տարվա ընթացքում, որ այժմ չունենք:
-70 տարիների ընթացքում մենք ձևավորեցինք երկիր, մենք ձևավորեցինք պետական մտածողություն: 1920 թվականին մենք ունեինք ավերակույտ, մենք ընդամենն ունեինք ռոմանտիկ ձգտումներ, բայց չունեինք նյութական պաշարներ, նյութական հենքեր, չունեինք պետականություն: 70 տարիների ընթացքում մենք ձևավորեցինք հզոր արդյունաբերություն, մենք ձևավորեցինք հզոր գյուղատնտեսություն, հզոր մշակույթ, հզոր մշակույթ, 70 տարիների ընթացքում մենք ժողովրդագրական ռեկորդներ սահմանեցինք, Հայաստանիի բնակչությունը հասավ 4 միլիոնի: 70 տարիների ընթացքում Հայաստան անունը կարողացանք աշխարհին ճանաչելի դարձնել, ինչպես մեր արդյունաբերությամբ (Հայաստանը մոտ 120 երկրի արտադրանք էր մատակարարում), այնպես էլ մեր մշակույթով:
Կարողացանք աշխարհի քարտեզի վրա հաստատել մեր տեղը, ձևավորեցինք հզոր սպորտ, իսկ սպորտը աշխարհի դեսպաններից մեկն է, և մենք սպորտ լեզվի կարողացանք աշխարհին հասկացնել դա: Ունեինք նյութական բարեկեցություն: Այսինքն՝ կար պետություն, որը մտահոգված էր մեր նյութական բարեկեցությամբ, որը պարտավորված էր Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության քաղաքացու առջև, որ կձևավորեր նրա նյութական բարեկեցությունը, նրա անվճար կրթությունը, անվճար ուսումը և այլն: Դրանք համակարգի հատկանիշներն էին, համակարգի ձեռքբերումներն էին: Սոցիալիստական համակարգն այդպիսին էր: Պետություն-ժողովուրդ կապը ձևավորվում էր պետության ժողովրդի, պետության առջև ունեցած պարտավորվածություններով:
-Պրն Մութաֆյան, խոսենք մշակույթի մասին. ինչպե՞ս եք վերաբերում ՌԴ նախագահ Պուտինի այն խոսքերին, ըստ որոնց Հայաստանի մշակույթը զարգանում է:
-Վլադիմիր Պուտին կարծիքը չեմ կիսում, որովհետև մենք մեզ համար չենք պարզել մի բան՝ ինչ է մշակույթն այսօր Հայաստանի քաղաքականության մեջ, Հայաստանի ներկայության մեջ, մշակույթի տարատեսակների հայեցակարգերը չենք մշակել: Հենց այնպես ասում ենք մշակույթ: Մշակույթը շատ լայն հասկացություն է: Եկեղեցին, կրոնը, դպրոցը, լեզուն նույնպես մշակութային արժեքներ են:
Եթե խոսքը վերաբերում է զանգվածային մշակույթին, և վերաբերում է կուլտուր-լուսավորական աշխատանքին, ապա այստեղ մեր ձախողումները չափազանց շատ են: Եթե վերաբերում է արվեստին՝ իբրև մշակույթի բաղադրիչներից մեկի, անպայմանորեն արվեստային դաշտում որոշակի ձեռքբերումներ ունենք՝ երաժշտության մեջ, կերպարվեստում, թատերական արվեստում, ճարտարապետության մեջ, ասենք ինչ-որ տեղ կինոյում, բայց խոսել ընդհանուր մշակութային ձեռքբերումների մասին, ես դեռ պատրաստ չեմ այդպիսի ոգևորությամբ և լավատեսությամբ խոսել, որովհետև մենք չունենք մշակութային քաղաքականություն:
Մշակույթը մեր երկրի համար չի դարձել գաղափարախոսական արժեք, չի դարձել ռազմավարական հենարան, մինչդեռ մեզ նման փոքր երկրները, ովքեր ունեն մշակույթի դարավոր կուտակումներ, մշակույթը պիտի դարձնեն արտաքին քաղաքականության կռվաններից մեկը, դիվանագիտական կռվաններից մեկը: Մենք դա չենք դարձրել: Ավելին՝ այժմ մեր պետական քաղաքականության մեջ մշակույթը հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում: Պետությունը գրեթե ոչինչ չի անում մշակույթի համար, չնչին գումարները, որոնք տրամադրվում են մշակույթին, դրանք ընդամենը գոյատևումն ապահովող միջոցներ են: Այս պետությունը չի կարևորում մշակույթի դերը, հետևաբար, ես Պուտինի լավատեսությանը կհակադարձեմ իմ հոռետեսությամբ:
Շարունակությունն` այստեղ: