Ամանոսյան դրունքի միջերկրածովահայաց բազուկը, որ ծունկ է տալիս Սվեդիայում, կոչվում է սուրբ կամ Մուսա լեռ: Սա Հայոց միջնաշխարհից ներանձնացած, ամենափոքրիկ հայկական սրբազան հողակտորն է աշխարհում: Հեքիաթի յոթ եղբայրների նման այս լեռան յոթ հայկական գյուղերի բնակիչները 1615 թվականին մահու և կենաց կռիվ մղեցին թշնամու դեմ: Աշխարհը չտեսնելու տվեց մուսալեռցիների դյուցազնամարտը: Եվ անօգնական մնացած հայերը նահանջեցին' գերության մեջ թողնելով պապենական տները, դաշտերն ու հովիտները, աղբյուրներն ու գետակները, ջրաղացները, այգիները, նախնյաց գերեզմանատները և իրենց նահապետ սոսին, որ գտնվում էր յոթ գյուղերից մեկի' Խդրբեկի բազմակունք ջրեզրին:
Այս ծառը տնկել է Հայոց արքայից արքա Տիգրան Մեծը մեր թվականությունից առաջ 85 թվականին: Մուսալեռցիների 1915-ի հերոսամարտի օրերին սոսին դարձել էր երկու հազար տարեկան: Այդ հոբելյանը պետք է նշվեր մեծ տոնահանդեսով, բայց թշնամին ամեն ինչ խաթարեց:
Ինչ հողմ ասես, որ չանցավ Խդրբեկի նահապետ սոսու գլխով: Նրա շվաքի տակ երկու հազար տարի շարունակ թևածեց հայկական խինդն ու երազանքը:
Մուսա լեռան յոթ անգամ յոթանասուն կտրիճները շուրջպար են բռնել այս ծառի շուրջը, հեթանոս գինարբուքի նստել, հնչեցրել փանդիռն ու ծնծղան: Այս ծառի տակ երկու հազար տարում հայկական յոթ հազար հարսանիք է եղել:
Վիթխարի էր: Քսանչորս մետր շրջագիծ ուներ նրա բունը: Ում ասես, որ չի հիացրել այս պերճ աժդահան: Նրա քարանձավանման փչակում առանց իրար հրմշտելու կարող էին իրենց կերն ուտել և հանգիստն առնել երկու նժույգ: Հսկա փչակը տոնական օրերին հաճախ վերածվում էր խանութի:
Մուսալեռցիներն ասում են, թե սոսու տակ մի ժամանակ թատրոն են խաղացել» փչակը դարձնելով կուլիս, ուր հանդերձավորվում և գրիմավորվում էին դերասանները և որտեղից դուրս էին գալիս հանդիսատեսի առաջ: Փչակում էլ նստում էր հուշարարը:
Դրա համար էլ սոսին կոչեն են նաև թատերածառ:
Խդրբեկի սոսի, հայոց հրա՜շք ծառ, հիմա՞ էլ սվսվում են քո տերևները:
Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ» («Մուսալեռցիների թատերածառ սոսին»)
Նյութը` Ք. Ա-ի