Մի խումբ արցախյան ազատամարտիկներ Հանրապետության հրապարակում նստացույց են հայտարարել՝ ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, ում օրեր առաջ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է և այսօր արդեն խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Tert.am-ի հետ զրույցում նստացույցի մասնակից Կարեն Մելիքբեկյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանը սոցիալական բանտարկյալ է: «Նստացույց ենք անում՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, ի պաշտպանություն այն ծրագրերի, որոնց խորհուրդը ներկայացրել է կառավարությանը, և մենք այսօր հասկացանք, որ ամեն գնով ոչ մի բան չեն ուզում անել ազատամարտիկների խնդիրների համար, սա միտումնավոր են կազմակերպել, տվյալ պահանջները ներկայացնողներից մեկին ձերբակալել են, որ պայքարը չշարունակի, որովհետև ինքը շատ էր խանգարում նրանց, իրենք որոշեցին էս ամեն ինչը գլխատել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց մեջ չկա որևէ մարդ, որը կազմակերպիչն է իրենց պայքարի. «Ազատամարտիկներն են կազմակերպիչը, որ ազատամարտիկին ուզում ես հարցրու, էսօր խնդիր ունի»:
Ազատամարտիկի խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանը արժանապատիվ ազատամարտիկ, արժանապատիվ գնդապետ է, և նրա ձերբակալումը, միանշանակ, խաղից հանելու հանգամանքով է պայմանավորված. «Ես չեմ հասկանում 21 տարվա ընթացքում ինքը ոչ մի հանցագործություն չէ՞ր արել: Վոլոդյա Ավետիսյանը սոցիալական բանտարկյալ է, որովհետև նա պայքարում է սոցիալական բնույթի խնդիրների համար և պահանջում է արժանապատիվ մոտեցում»:
Վերադառնալով իրենց պահանջին՝ Կարեն Մելիքբեկյանն ասաց, որ այսօր միայն ազատամարտիկը չունի կարգավիճակ, դրա համար իրենք պայքարում են ոչ թե «երկու կտոր երշիկի համար», այլ արժանապատիվ կարգավիճակ են պահանջում:
Ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էլ ասաց, որ նախնական տվյալներով Վոլոդյա Ավետիսյանը պետք է հացադուլ անի, բայց դեռ հստակ որոշված չէ:
Այդ մասին մեկ այլ ազատամարտիկ Ապրես Եղեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինքն էլ հացադուլ անի, իր ամբողջ կռված ընկերներն էլ հացադուլ անեն, մեկ է, եթե մարդու գլխին սարքում են, ինչ ուզում ես արա»: