Irakan.info Փակ շուկայի' Սիթիի վերափոխումն այլեւս իրականություն է, եւ այն շուտով մեծ շուքով իր բացումը կնշի: Իհարկե, մեզ' այսքան թշվառ ու խեղճ ապրող ժողովրդին շատ կլիներ, եթե մի օլիգարխ պատգամավոր տարածքը վերականգներ' այն չայլանդակելով, մշակութային արժեքը պահպանելով:

 

Հետաքրքրական է, ինչ բարոյականությամբ են հետայսու քաղաքապետ Տարոն Մարգարյանի ենթականերն ու Տարոն Մարգարյանը քաղաքացիներին տուգանելու, ասենք, սեփական տան երկրորդ հարկը կառուցելու համար: Թեեւ, այսքանից հետո ինչ բարոյականություն, ինչ բան…

 

Սամվել Ալեքսանյանն իրականում երեսի զոռով իր ուզածին հասավ' էլ Մալաթիայի շուկայի աշխատակիցներին փող տվեց, էլ տարբեր մարդկանց ուղղորդեց Փակ շուկա' ակտիվիստների դեմ, էլ տարբեր լրատվամիջոցների փող տվեց ակտիվիստների դեմ նյութեր գրել տալով, էլ իր մարզված խուժանին հանեց հուշարձանի պահպանության համար պայքարողների դեմ, վերջը, հասավ իր ուզածին. Սիթի՝ կործանված հուշարձանի փոխարեն:

 

Շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում, այսօր էլ նախատեսվում է ակտիվիստների ակցիան' ուղղված Փակ շուկայի սիթիացման դեմ, սակայն, ինչպես ասում, են, արդեն ուշ է. Սամվել Ալեքսանյանը շինարարական աշխատանքները վերջին փուլին է հասցնում, եւ թերեւս հոկտեմբերի 5-6-ին կկայանա դրա հանդիսավոր բացումը:

 

Այո, իրականում այս այլանդակության դեմ պայքարի հիմնական ձեւն այն կլինի, եթե մարդիկ այնտեղից առեւտուր չանեն, սակայն բանն այն է, որ մեր հասարակությանն այս իշխանությունները տարիներ շարունակ տարվող քաղաքականությամբ «փչացրել են», եւ միակ բանը, որ այլեւս հուզում է երեւանցիների մեծամասնությանը, մի 10 դրամ էժանության համար պատրաստ են անգամ հուշարձանից հրաժարվել:

 

Ու սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք' ովքեր են մեր քաղաքապետն ու մեր մշակույթի նախարարը… Լֆիկ Սամոն Մշակույթի նախարարն ու քաղաքապետը. հրաշալի եռյակ…

 

 

 

Արտակ Քաջար