Այսօր' ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել Մալաթիայում բնակվող Վարսիկ Քեփեկյանին պատկանող տան վրա:
Այնտեղ Վ.Քեփեկյանի և նրա ամուսնու՝ Քերոբ Քեփեկյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև որպես զենք օգտագործված դանակով նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակային հարձակմամբ՝ տանից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ և 800 ԱՄՆ դոլար գումար ու դիմել փախուստի:
Փաստի առթիվ այսօր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով բնակարան ապօրինի մուտք գործելով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակություն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է կպչուն ժապավեն, 1 հատ ձեռքի հետք, թաշկինակ: Վարսիկ Քեփեկյանը և Քերոբ Քեփեկյանը ճանաչվել են տուժողներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Գրում է «Փաստինֆո»-ն: