Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ողջունում է Վրաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելը դյուրացնելու ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները: Այս մասին Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

Աբաշիձեի խոսքերով՝ վերջին ամիսներին ռուսական կողմը փուլ առ փուլ դյուրացնում է Վրաստանի որոշակի կատեգորիաների քաղաքացիների համար վիզայի տրամադրումը: Նա հավելել է, որ դա մասնավորապես վերաբերում է ազգակցական կապեր ունեցողներին, արհմիությունների անդամներին, գործարարներին: Աբաշիձեն ընդգծել է նաև, որ ռուսական կողմի տվյալներով վերջին շրջանում 2-3 անգամ ավելացրել է Վրաստանի այն քաղաքացիների քանակը, որոնց տրվել են վիզաներ:

 

Վրաստանի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմ է սահմանվել 2000 թվականին: 2012 թվականի մարտի 1-ից Վրաստանն ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար վիզային ռեժիմը:

 

 

Աղբյուրը` 168.am