ՀՀ սահմանադրական դատարանին Սահմանադրությամբ պետք է վերապահվի նաև դատական ակտերով մարդու հիմնական իրավունքների խախտման փաստը ստուգելու իրավասություն: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց սահմանադրագետ, ներկայումս Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի դոկտորանտ Գոռ Հովհաննիսյանը:

Սահմանադրական դատարանն ունի միայն մարդու հիմնական իրավունքներին օրենսդիրի ու գործադիրի գործողությունների համապատասխանությունը ստուգելու իրավասություն, իսկ դատական իշխանությունը Սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է մնացել:

«Փաստորեն, այս պահի դրությամբ ՀՀ-ում դատարանները, եթե խախտում են մարդու հիմնական իրավունքները, նրանք ոչ մի կերպ վերահսկողության չեն ենթարկվում: ՀՀ-ում մարդը դատական իշխանության կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից ոչ մի կերպ պաշտպանվել չի կարող, սա ամենակարևոր բացն է, որ պետք է առաջիկա սահմանադրական բարեփոխումների ընթացքում լրացվի», - ասաց Գ.Հովհաննիսյանը:

Երիտասարդ գիտնականը միաժամանակ նշեց, որ մյուս կողմից՝ առաջանում է սահմանադրական ու ընդհանուր իրավասության դատարանների իրավասությունների տարանջատման շատ լուրջ խնդիր, որն առաջանում է այն երկրներում, որտեղ Սահմանադրական դատարանները վերահսկում են նաև դատական իշխանությանը: Եթե Սահմանադրական դատարանը ՀՀ-ում ստանա դատական իշխանությանը վերահսկելու իրավասություն, ապա Հայաստանին անհրաժեշտ կլինեն շատ բարձր որակավորում ունեցող դատավորներ, որոնք կկարողանան տարանջատել իրավասությունները:

«Այսօր Սահմանադրական դատարանը չունի հիշյալ իրավասությունը, սակայն Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների միջև հաճախ հակասություններ են ծագում: Ես պատկերացնում եմ, եթե ՍԴ-ն իրականում սկսի վերահսկել Վճռաբեկ ու մյուս դատարանների դատական ակտերի սահմանադրականությունը, այդ դեպքում հակասությունն ավելի կսրվի, եթե ՍԴ չկարողանա տարանջատել իր և մյուս դատարանների իրավասությունները»,- ասաց Գ.Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ 60 տարվա ՍԴ պրակտիկա ունեցող Գերմանիայում անգամ այդ հարցը կարծես վերջնական լուծված չէ:

«Առաջ է գալիս ՍԴ ինքնազսպման խնդիրը, որպեսզի Սահմանադրական դատարանը հանկարծ չվերածվի Վճռաբեկ դատարանի ակտերը վերանայող չորրորդ ատյանի, վերվճռաբեկ ատյան չդառնա, ինչն անթույլատրելի է»: