YerevanNews.am Հայ զինվորներին հարիր չէ աղջկա բերանից հնչեցրած խոսքերն արտաբերել ամեն օր օրհներգը կատարելիս: Այսօր Ելակետ մամուլի ակումբում կայացած ասուլիսին այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ անդամ Տաթևիկ Խանաղյանը: Վերջինս համոզված է, որ որքան էլ Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը ճիշտ է ընտրված, այնուամենայնիվ հիմնում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն կա:

«Հարցը քննարկելու 2-րդ նստաշրջանն է գումարվել, քանի որ հիմնում նկատվում են անկատարության տարրեր: Մենք նպատակահարմար ենք գտել Պարույր Հայրիկյանի առաջարկով վերջին ազատ-անկախ արտահայտությունը փոխարինել վերածնված բառով: Դրանից բացի նպատակահարմար չէ մի քառատողում երկու անգամ կրկնել «ազատ-անկախ»-ը»,- իր խոսքում հավելեց Խանաղյանը: Նա համոզված է, որ երկրորդ քառատողն ընդհանրապես պետք է դուրս բերվի հիմնից, իսկ երրորդը կմնա նույնությամբ: «Ես դեմ եմ հիմն ամբողջությմաբ փոխելուն: Երաժշտության առումով կփոխվեն միայն մի քանի նոտաներ' վանկերի փոփոխություններից ելնելով: Հիմնական հենքը կմնա նույնը»,- նշեց Խանաղյանն' ավելացնելով, որ հարցի շուրջ քննարկումներ ավագ ներկայացուցիչների հետ դեռևս չեն եղել, սակայն Մշակույթի նախարարությունում, հավանաբար, առանձին քննարկումներ հարցի շուրջ եղած կլինեն:
Շարունակելով միտքը' Երիտասարդական խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննսիյանը նշեց, որ իրենց խորհրդարանում ևս դեռևս քննարկումներ չեն եղել, սակայն հոկտեմբերին դրանք նախատեսվում են, իսկ օրհներգի փոփոխությունը, բնականաբար, կարվի օրենքի սահմաններում:
ԵՊՀ Իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ' քանի որ այն պետական փաստաթուղթ է, հետևաբար պետաիրավական հանձնաժողովը պետք է գնահատի, թե որքանով է օրհներգի փոփոխությունը համապատասխանում օրենքի դրույթներին:

«ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ օրհներգը համարվում է պետականության խորհրդանիշ, սակայն այնտեղ չի նշվում, թե որը պետք է լինի օրհներգ և ինչ ձևաչափում: Ես կարծում եմ, որ իսկապես պետք է փոփոխություն մտցվի երկրորդ քառատողում, քանի որ խոսքերը, թե դրոշ, որն իմ ձեռքով գործեցի, սխալ են, մի՞թե զինվորն իր ձեռքով է գործել դրոշը, չեմ կարծում, որ զինվորն այնքան ժամանակ ունի, որ դրոշ գործի»,- գնահատեց Խաչիկյանը:
Լրագրողների այն հարցին, արդյոք սա արտաքին ազդակների կողմից արված պատվեր է, Խաչիկյանը պատասխանեց, որ այո, սա պատվեր է, պատվեր ժողովրդի կողմից:
Տաթևիկ Խանաղյանը նաև նշեց, որ հարցը, բնականաբար, պետք է քննարկվի նաև հանրության շրջանում, քանի որ այն իր լուծումը կգտնի միայն հանրաքվե անցկացնելուց հետո: