Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Գլխավոր դատախազի նշանակման հարցը:

 

Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

 

Վերջինիս հարցով դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

 

«Գլխավոր դատախազը ՀՀ նախագահին և Ազգային ժողով ներկայացնում է հաշվետվություն նախորդ տարի կատարած աշխատանքների մասին: Չկա հստակեցում կանոնակարգ օրենքում, թե որ նիստում է ներկայացնում, որ մենք կազմակերպենք քննարկում այդ հաղորդագրության: Եթե Ազգային ժողովը քվեարկության արդյունքում ձեզ նշանակի ՀՀ Գխավոր դատախազ, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի այդ հարցի նկատմամբ»:

 

Կոստանյանը, պատասխանելով, ասաց. «Սովորաբար, ցանկացած պետական մարմնի, հատկապես' այնպիսի կարևոր օղակի, ինչպիսին է դատախազությունը, գործունեության հրապարակայնությունը և հասարակական հաշվետվողականությունը. իհարկե, անհրաժեշտ է, և այս առումով ես հակված եմ և ներկայիս իմ պատոնավարման ոլորտում Զինվորական դատախազության ոլորտում ես առավելագույնս փորձել եմ հրապարակայնություն և հանրային հաշվետվողականություն ներկայացնել: Նկատի ունենալով, որ դատախազության մասին օրենքն ընդամենը սահմանում է, որ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացնում Ազգային ժողովին, և, այո, հստակեցված չէր, թե այդ հաղորդումը բանավոր կամ Ազգային ժողով ներկայացնելու միջոցով է լինելու, թե գրավոր հաղորդում ներկայացնեռլու միջոցով: Ընդ որում, նկատի ունենալով, որ ընդհանրապես հաղորդում ներկայացնելու ինստիտուտը մեր իրավունքում ավելի շատ ասոցացվում է գրավոր հաղորդում ներկայացնելու եղանակին, որովհետև եթե մենք անալոգիա ենք իրականացնում այլ իրավունքի ճյուղերում կամ այլ լիազորությունների ժամանակ հաղորդում ներկայացնելու գործընթացին, խոսքը վերաբերում է ընդամենը գրավոր հաղորդում ներկայացնելու փաստին:

 

Եթե Ազգային ժողովում համապատասխան փոփոխություններ լինեն օրենքում, դա կլինի դատախազության մասին օրենքում, թե ԱԺ կանոնակարգ օրենքում, իհարկե այդ հաշվետվությունը, բնականաբար, կներկայացվի նաև Ազգային ժողովի նիստին, ինչն ինձ համար ողջունելի և խրաուսելի է»: