Սուխումում տեղի է ունեցել «Պատերազմն ու խաղաղությունը Կովկասի պատմության մեջ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Աբխազիայի ժողովրդի հաղթանակի 20-ամյակին 1992-1993 թթ. հայրենական պատերազմում: Գիտաժողովը կազմակերպել էին Աբխազիայի գիտությունների ակադեմիան ու Գուլիայի անվան Հումանիտար հետազոտությունների աբխազական ինստիտուտը: Գիտաժողովում հատուկ ուշադրություն դարձվեց ինքնահռչակված հանրապետությունների պետական ինստիտուտների կառուցմանն ու զարգացմանը: Ներածական խոսքով ելույթ ունեցավ Գուլիայի անվան Հումանիտար հետազոտությունների աբխազական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ավիդձբան, որը կարևորեց միջոցառման անցկացումը:
Գիտաժողովը մեկնարկեց պատերազմում զոհվածների հուշարձանին պսակադրությամբ, որից հետո մեկնարկեց առաջին ընդլայնված նիստը: Համաժողովում քննարկված թեմաների շրջանակը բավականին լայն էր՝ ՌԴ քաղաքականությունը, թուրքական գործոնի դերը Աբխազիայի քաղաքականությունում ու տնտեսությունում: Գիտաժողովում ներկայացվեց նաև Արցախի Հանրապետությունում վերջին 20 տարիներին իրականացված քաղաքական ու տնտեսական բարեփոխումների մասին պատմող զեկույցը: Գիտաժողովը չխուսափեց «փոքր սկանդալից», որը փորձում էին հրահրել Դաղստանի պատվիրակության որոշ անդամներ, որոնք փորձեցին մեղադրել Հայաստանին «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը գրավելու մեջ», բայց աբխազական կողմը վճռականորեն կասեցրեց միջադեպը: Արցախի մասին զեկույցը ներկայացրեց PanARMENIAN.Net ը՝ Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերակցության հետ համատեղ: