Եվ այսպես. Նունե Եսայանի համերգը մեր երկրի պետական բյուջեի համար արժեցավ մոտ 55 մլն դրամ, ավելի ստույգ՝ 54 691 400 դրամ: Որոշեցինք հասկանալ՝ ի՞նչ կարելի էր անել այդ գումարով՝ մի քիչ ավելի արդյունավետ ծախսի դեպքում: Ներկայացնենք՝ ըստ ոլորտների.

Շինարարական ոլորտ.
Էլիտար նորակայռույց շենքում այս գումարով կարելի է գնել 280 քմ տարածք՝ մոտ 5 բնակարան: Սա հաշվի առնելով միջին արժեքը՝ 1 քմ-ի համար 500 ԱՄՆ դոլար: Կգնվեր 5 հատ գերժամանակակից վերելակ:

Գյուղոլորտ.
Մեկ միջին չափի լավ ջերմոցն արժե 10.000 ԱՄՆ դոլար: Այս հաշվարկով՝ 55 մլն դրամով կարելի էր գնել 14 ջերմոց: Այս գումարով կարելի էր գնել նաև 185 հատ կով, 180 000 կգ կարտոֆիլի սերմացու:

Մշակույթ-կրթություն-գիտություն.
Այս գումարով կվերանորոգվեր և կհամալրվեր 2 գրադարան, կգնվեր 215 հատ համակարգիչ: Հնարավոր կլիներ վճարել 108 ուսանողի ուսման վարձ, եթե ընդունենք, որ նրանցից յուրաքանչյուրը տարեկան վճարում է, օրինակ, 500 հազար դրամ: Գիտության ոլորտում 55 մլն դրամով կարելի էր գնել գերժամանակակից ընդունիչ սարք՝ Բյուրականի աստղադիտարանի համար, որը աստղագետների խոսքով՝ ուսումնասիրությունները կդարձներ գերճշգրիտ, ընդ որում՝ սարքի գնման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնվել է: Այս գումարով կարելի էր սարքավորումներով զինել, օրինակ, 10 կենսաբանական լաբորատորիա: Մեկ գիտնականին արտասահմանյան լուրջ գիտաժողովի ուղարկելու համար անհրաժեշտ է միջինում 3000 ԱՄՆ դոլար, ըստ այդմ՝ Հայաստանը արտասահմանում կարող էր ներկայացնել մոտ 50 գիտնական:

Ռազմական ոլորտ.
55 մլն դրամը՝ զենքով. 70 հատ «СВД»՝ Դրագունովի դիպուկահար հրացան (սև շուկայում այն արժե 2.000 ԱՄՆ դոլար): Այս գումարով առաջիկա ձմռանը տաք հագուստով և զինվորական կոշիկներով կարելի էր ապահովել 1600 զինվորի. Զինվորական համազգեստի մեկ միավորն արժե 45.000 դրամ, կոշիկը՝ 30.000: Կարելի էր նաև գնել մեր բանակի կողմից օգտագործվող Կալաշնիկովի ԱԿ-74 տեսակի 94 ավտոմատ: Վերջապես, այս գումարով կարելի էր արցախյան զորամասերն ապահովել տեսակապով, որպեսզի հեռավոր զորամասերում ծառայող զինվորները դրա միջոցով կապվեին ծնողների հետ: Ընդ որում, ծրագիրն արդեն կա, այն իրականացվում է անհատների միջոցով, պետականորեն այս ծրագիրն իրականացնելու համար պետք էր ընդամենը 5 մլն դրամ. Սրա համար, ցավոք, գումար չգտնվեց բյուջեում:

«Նույն տրամաբանության» ոլորտ.
Ի վերջո, այս գումարով կարելի էր գնել նաև 1 բիոզուգարան՝ չաշխատող: