Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ 1991 թվականից նշվում է որպես Ծերերի միջազգային օր: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել ծերերի խնդիրներին: Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, ում տարիքը բարձր է 60-ից: ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին: Սկզբում տոնը նշվել է միայն Եվրոպայում, հետո՝ ողջ աշխարհում: Ավանդաբար կովկասյան ժողովուրդները մեծարել են իրենց ծերերին' առանձնահատուկ ուշադրությամբ և հարգանքով վերաբերվելով նրանց: Այս օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով ու հոգատարությամբ: