Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված՝ խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցը բարձրացնելու հնարավորությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տվել է ՀՀԿ-ական պատգամավորը: Բանն այն է, որ Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ է, իսկ հարցի իրավունք ունեն միայն հիմնական անդամները: «Ժողովուրդ»-ին Ստրասբուրգից հայտնեցին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հարց տալու իրավունքը զիջել է Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով:

 

Ուշագրավն այստեղ այն է, որ ե՛ւ Դ. Հարությունյանը, ե՛ւ Ա. Հովհաննիսյանը համարվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները: Իսկ թե ինչն է եղել Եվրոպայում Ս. Սարգսյանին խայտառակելու իրական դրդապատճառը, դժվար է միանշանակ ասել: Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները: Այս առնչությամբ ո՛չ Ա. Հովհաննիսյանից եւ ո՛չ էլ Զ. Փոստանջյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Երեկ՝ ուշ երեկոյան, Դ. Հարությունյանը Ստրասբուրգից «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք հայկական պատվիրակության փոխարինող ընդդիմադիր անդամներին միշտ էլ ընձեռում են ձայնի իրավունք:

 

Սակայն, ըստ նրա, Փոստանջյանի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ. «Ցավում եմ, որ նա այդպես վարվեց եւ ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց: Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց»:

 

Մանրամասները' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: