Հայաստանի ֆինանսների նախարարը երեկ հայտարարել է, որ եվրաբոնդերի իրացումից ստացված միջոցներով մոտակա օրերին փակվելու է ռուսական 500 միլիոն դոլարի վարկը: Թեմային անդրադարձել է վերլուծաբան Նաիրա Հայրումյանը:
Ռուսաստանը վարկը տվել էր մոտ 5 տարի առաջ, 15 տարի ժամկետով: Ինչո՞ւ է Հայաստանը որոշել արագ փակել պարտքը: Ֆինանսների նախարարն ասում է, որ ռուսական վարկը պակաս ձեռնտու է, քան եվրաբոնդերը, ֆինանսական տեսանկյունից: Նա պնդում է, որ ռուսական պարտքը վաղաժամկետ փակելը կապ չունի սեպտեմբերի 3-ի հետ, երբ հայտարարվեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Իսկապես, եվրաբոնդերի թողարկման մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 3-ից շատ առաջ, եւ դա արվել է ռուսական վարկից «ազատվելու» համար:
Պարտքը ամենամեծ կախվածությունն է, լինի պետություն, թե անհատ: Եւ ռուսական պարտքը արագ փակելու որոշումը վկայում է Ռուսաստանից կախվածությունը քիչ ինչ թուլացնելու ցանկության մասին: Ռուսական կողմը չի մեկնաբանել Հայաստանի այս ցանկությունը: Հնարավոր է, Մոսկվան ինքն է հետ ուզել վարկը, երբ Երեւանը սկսեց կտրուկ հայտարարել Եվրամիությանն ասոցացվելու մտադրության մասին: Եւ հիմա, սեպտեմբերի 3-ից հետո, հնարավոր է Մոսկվայում մտածում են, թե արժե արդյոք հետ վերցնել Հայաստանի պարտքը: Իհարկե, լավ է, որ մենք Մոսկվային պարտք չենք: Սակայն, փոխարենը մենք պարտք ենք մնում մնացյալ աշխարհին: Հայաստանի արտաքին պարտքն աճում է, այն մարելու համար ավելի ու ավելի շատ միջոցներ են ուղղվում, իսկ եվրաբոնդերի թողարկումից հետո Հայաստանն ինչ որ առումով գրավադրվում է համաշխարհային բանկում:
Դա նշանակում է, որ վարկատուներից կախվածությունը կրճատելու փոխարեն մենք պարզապես փոխում ենք նրանց: Ներկայում, իհարկե, արեւմտյան վարկատուները Հայաստանին պարտքային պահանջներ չեն ներկայացնի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում դա տեղի չի ունենա: Օրինակը Հունաստանն է, որը ներկայում ստիպված է վաճառել պետական ակտիվները, նույնիսկ իր կղզիները: Միով բանիվ, Հայաստանն ուժերի ներածին չափով փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Հատկապես որ ռուսական պարտքերն ամենաթանկն ու պարտավորեցնողն են:
Ժամանակին, Ռուսաստանի 100 մլն դոլար վարկի դիմաց այդ երկրին անցան հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ, այն դեպքում, երբ նույն այդ ժամանակաշրջանում Ռուսաստանը ներում էր բազմամիլիարդ պարտքեր այլ երկրներին, որոնք իր «ռազմավարական դաշնակիցները» չէին: Այս ֆոնին, հետաքրքիր էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն այդպես էլ պայմանագիր չեն ստորագրել գազի գնի վերաբերյալ, թեեւ հուլիսից գինը բարձրացել է: Արդյոք վարկի վաղաժամկետ մարումը եւ գազի գնի սուբսիդավորումն ինչ որ կերպ կապված են իրար: Առավել հավանական է, որ Հայաստանն արդեն Ռուսաստանին է հանձնել Հայռուսգազարդում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը, բայց Մոսկվան համառորեն չի ցանկանում սուբսիդիա հատկացնել: Մոսկվայում երեւի ասել են՝ վարկը վերադարձրեք, հետո կտեսնենք, մի բան կնետենք ձեզ: