Փոստանջյանի հետ կապված միջադեպը, ձվերով նրան դիմավորելու ոմանց ցանկությունը տխուր մտորումների առիթ է տալիս: Իշխանական քարոզչամեքենան լավ օգտագործեց բարձրացված աղմուկը՝ առավել սուր հարցադրումներից խուսափելու համար: Եվ հասարակության մի ստվար զանգված միացավ խրախճանքին՝ զոհի շուրջ թռչկոտելու և ապագա մարդակերության գրգռիչ ակցիային իրենց բաժինը փախցնելու հույսով: Եթե մարդիկ համարում են, որ Զարուհին սխալ է վարվել՝ ներքին լվացքը դուրս հանելով, ինչու՞ են այսօր փորձում կազմակերպել մի ակցիա, որի թիրախը, մեծ հաշվով, խոսքի ազատությունն է: Թող հակադարձեն, հակափաստարկներ ներկայացնեն՝ քննարկումը պահելով բացառապես ժողովրդավարության մեծագույն արժեքի՝ խոսքի ազատության շրջանակներում:


Համաձայն եք նրա հետ, թե ոչ՝ դա այլ խնդիր է: Զարուհի Փոստանջյանին պաշտպանելու միտում չունեմ, բայց կազինոյում գումարներ տանուլ տալու վերաբերյալ նրա հայտարարության շուրջ բարձրացած քննարկումների ալիքի մեջ բացարձակապես բացակայում է օբյեկտիվության հատիկը: Չի կարելի նմանատիպ հարցի շուրջ պարզապես հիստերիկ քննարկումներ ծավալել: Որևէ սթափ մեկնաբանություն՝ հարցի դրդապատճառների, բուն ենթատեքստի մասին չհնչեց: Մինչդեռ այդ հարցի մեջ քաղաքական ենթատեքստ կար, որին բոլորը անտեսեցին: Ինքս խիստ վերապահումով եմ մոտենում նման երևույթներին, որովհետև երկրի գործող նախագահը երբևէ հնարավորություն չի տալիս իր երկրի խորհրդարանականներին՝ իրեն հարցեր ուղղելու, հետևաբար նրանք փորձում են օգտագործել առաջին իսկ հնարավոր առիթը՝ այդ հարցադրումների համար: Անգամ իր մամուլի ասուլիսներին Սերժ Սարգսյանը հրավիրում է միայն իր նախընտրած լրագրողներին: Պատգամավորները տարիներ շարունակ նրա հետ շփվելու հնարավորություն չեն ունենում: Անգամ գերտերությունների ղեկավարները իրենց այդպես փակի տակ չեն պահում: Ինչու՞ նա հնարավորություն չի ստեղծում, որ մեր երկրի ներքին լվացքը հենց երկրի ներսում անեն: Հասարակության մոտ մշտապես հարցականներ են առաջանում երկրի ղեկավարների անթույլատրելի անձնական կյանքի վերաբերյալ, ի վերջո այդ հարցերը պատասխան պիտի ստանա՞ն, թե ոչ:

 

Իհարկե, երկրի նախագահը պարտավոր է հաշվետու լինել իր ժողովրդի առաջ՝ անգամ անձնական վարքի պարագայում. ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնը ներողություն խնդրեց իր ժողովրդից՝ սեքս – սկանդալի կիզակետում հայտնվելու համար, և դա բացառիկ երևույթ չէ պատմության մեջ, որովհետև սկանդալների պատճառով շատ երկրների ղեկավարներ են հեռացել պաշտոնից: Ոչ ոք ամերիկյան խորհրդարանականներին չմեղադրեց իրենց երկրի նախագահի վարքը Սենատում քննարկելու համար: Ոչ ոք չասաց, որ երկրի ներքին լվացքը դուրս եք հանում: Իսկ եթե մի ընդդիմադիր պատգամավոր որևէ ամբիոնից Հայաստանի ղեկավարին հարց է ուղղում՝ անձնական վարքի հետ կապված՝ մարդիկ մտածում են նրան ձվերով դիմավորելու մասին: Հրաշալի է իհարկե, որ երկրի նախագահին այսքան պաշտում եք, երբեք Սերժ Սարգսյանի նկատմամբ սերը այսպիսի հուզումնալից դրսևորումներ չէր ունեցել:

 

Իշխանությունները, իհարկե, կարող էին անթիվ քաղաքական միավորներ շահել այս միջադեպից՝ թե ներքին սպառման համար, թե արտաքին վարկանիշի բարելավման առումով: Զարուհու դեմ հարձակումների ֆոնին անգամ Սերժ Սարգսյանի վարկանիշը սկսել էր բարձրանալ, սակայն ԱԺ նախագահը արջի ծառայություն մատուցեց նրան: Փոստանջյանի հայտարարության շուրջ բարձրացած միջազգային խոշոր սկանդալը ի նպաստ իրենց վարկանիշի օգտագործելու փոխարեն՝ Հովիկ Աբրահամյանը կատարեց քաղաքականապես անգրագետ քայլ՝ տարածելով մանրախնդիր հայտարարություն:

 

«Հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը' հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

 

Մինչդեռ հարմար առիթ էր ցույց տալու, թե ինչքան պուպուշ և ժողովրդավար նախագահ ունի Հայաստանը, որին կարելի է տալ ցանկացած հարց և ստանալ պատասխան: Քաղաքական կարճամտության և երկիրը բնազդներով կառավարելու արդյունքում Աբրահամյանը սառը ջուր լցրեց իշխանական քարոզչամեքենայի խրախճանքին:

 

Նվազագույն քաղաքական գրագիտություն ունենալու պարագայում Հովիկ Աբրահամյանի անգամ մտքով չէր անցնի այսպիսի հայտարարություն անել: Ահա թե ինչպես ԱԺ նախագահը հարամեց համազգային սերը Սերժ Սարգսյանի նկատմամբ: Իսկ մարդիկ նրան այնքան սիրու՜մ էին…

 

Վարուժան Բաբաջանյան