Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Վիլնյուսում սպասվող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի հետ Ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի.«ԵՄ-ն ակնկալում է Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, նույն համաձայնագրերը նախաստորագրել Մոլդովայի և Վրաստանի հետ, ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա: Նա նաև հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունից՝ անկախ այդ երկրների ընտրած ուղղուց:
Նշենք, որ Հայաստանը այս տարվա հունվարից միակողմանի հանել է վիզային ռեժիմը Եվրամիության երկրների հետ, իսկ ԵՄ-ն պատրաստվում էր հեշտացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը՝ վավերացնելով Ռեադմիասիայի և վիզաների ռեժիմի դյուրացման մասին պայմանագրերը, որոնք արդեն ստորագրվել են, բայց արդեն երկրորդ անգամ Ֆյուլեն մոռանում է այդ մասին ու ասում է, թե Հայաստանի հետ այդ փաստաթղթերը նոր պետք է ստորագրվեն: Հայաստանում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ ստիպված եղավ ուղղել Ֆյուլեին ու հիշեցնել , որ Հայաստանի հետ դրանք արդեն ստորագրվել են: Մասնավոորապես 2012թ. դեկտեմբերին եւ 2013թ. ապրիլին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել են վիզաների ազատականացմանը վերաբերող երկու փաստաթղթեր՝ «Վիզաների ազատականացման համաձայնագիր» եւ «Ռեադմիսիայի պայմանագիր»: Ընդ որում, օրակարգով նախատեսված էր մինչև վիլնյուսյան գագաթաժողովը դրանք պետք է վավերացվեին:
Հիշեցնենք, որ հարաբերությունները փոփոխություններ կրեցին, երբ ԵՄ-ի 3 տարի վարած բանակցություններից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ինչից հետո ԵՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա փակում է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը բանակցված ձևաչափով կնքելու հնարավորությունը: Ի դեպ, հենց Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է.«Այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև Վիլնյուսի գագաթնաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում: Մենք աշխատում ենք գտնել հետագա համագործակցության համար ուղիներ՝ հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար այն իրավիճակում, որտեղ չունենք Ասոցացման համաձայնագիր, այդ թվում՝ ԽՀԱԱԳ»: