Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:
Կառավարության նիստի մասնակիցները՝ վարչապետի գլխավորությամբ նիստի էին ներկայացել զինվորական համազգեստով՝ «կամուֆլյաժներով»:
«Հաց և տեսարաններ» բանաձևը հստակ ընկալած կառավարիչները հացի պարագայում, կարծես թե, կաղում են, բայց ա՛յ տեսարանների հարցում նրանք անգերազանցելի վարպետ են: Մեռելոցների սեզոնի բարեհաջող փակումից հետո կառավարությունը հանդես է եկել հերթական սնդուսափայլ նախաձեռնությամբ՝ հրավիրել թեմատիկ նիստեր և այդ նիստերին ներկայանալ թեմատիկ «կոստյումավորմամբ»:
Վարչապետի «գլամուռը», անշու՛շտ, գովելի է: Իմ խորին համոզմամբ՝ մեզ սպասվում է նոր, թեմատիկ նիստերի շարք՝ համապատասխան հագուստներով:
Առաջիկայում կառավարությունը հանդես կգա Սևանի հանրային լողափերի զարգացմանը նվիրված նիստով, որտեղ մեր նախարարները կներկայանան լողազգեստներով:
Էրոտիկ բովանդակությամբ արտադրանքի տարածման դեմ ուղղված կառավարության որոշման նախագծի քննարկումներին նրանք հավանաբար կմասնակցեն «սադո-մազո» ոճի հագուստներով՝ ընդգծելու համար դրանց հակադաստիարակչական էությունը:
Առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, հարկավ, պետք է քննարկել բժշկական խալաթներով:
Ձկնաբուծության զարգացման հայեցակարգի քննարկմանը պետք է ներկայանալ թուրքական հնամաշ բազմերանգ «սվիտերով»՝ նիստի ընթացքում պահպանելով ձեռքերի՝ ձկան չափն ընդգծող ինտերվալ:
Իսկ ա՛յ, նուդիստական լողափ ստեղծելու հնարավոր նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամների համապատասխան «ֆասոնը» պետք է քննարկել...
Վարուժան Բաբաջանյան