Փաստաբանների պալատի անդամների ու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջև սկանդալ է հասունանում արդարադատության նախարարության՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի պատճառով, որով նախատեսվում է ՀՀ Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար գանձել տարեկան պետական տուրք' 60.000 ՀՀ դրամի չափով:
Փաստաբանները ոչ միայն շատ մարտական են տրամադրված, այլև նրանցից Երվանդ Վարոսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այդ կարգը չի գործելու և որևէ փաստաբան այն չի մուծելու:
«Այդ կարգը չի ընդունվելու, եթե ընդունվի էլ, ոչ ոք չի վճարելու: Եվ եթե Հրայր Թովմասյանը պատրաստվում է ունենալ պետություն, որտեղ չեն լինելու փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք, թող պատասխանատվությունը վերցնի իր վրա: Եվ եթե այսօր փաստաբանները վճարեն 60.000 դրամ,ապա վաղը կվճարեն 600.000, կամ Դուք լրագրությամբ զբաղվելու համար ստիպված կլինեք վճարել ասենք՝ տարեկան 100 հազար դրամ»,- ասաց նա։
Երվանդ Վարոսյանի համոզմամբ՝ այնքան էլ էական չէ, թե որքան գումարի մասին է խոսքը, հարցն այն է, թե ինչ հիմնավորումներ է ներկայացնում Արդարադատության նախարարությունը՝ 60.000 դրամ սահմանելով:
Նշենք, որ արդարադատության նախարարության նախագծով նախատեսվում է սահմանել փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահել նախարարությանը, մեկ տարի ժամկետով հաշվառելու համար էլ նախատեսվում են գանձումները:
Ի պատասխան հարցի, թե արդարադատության նախարարը ի՞նչ հարց է ուզում լուծել սույն օրենքի նախագծի ընդունմամբ, Երվանդ Վարոսյանը հայտարարեց. «Հրայր Թովմասյանն ուզում է լուծել փողի խնդիր: Փորձում է պետության պարտավորությունները կատարել փաստաբանների գրպանի հաշվին»:
Նշենք, որ որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվում է, որ կառավարությունը պետք է այդ գումարներով հոգա հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերը:
Փաստաբանն ի պատասխան նշեց, որ մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ցույց տալը մշտապես եղել է Հայաստանի պարտավորությունը:
«Հիմա որոշել են չկատարել, և այդ գործառույթը փոխանցել մեզ, ինչից մենք շատ շնորհակալ ենք, բայց հրաժարվում ենք»,- ասաց փաստաբանը:
Նույն պատճառով Փաստաբանների պալատի նախագահի նախկին թեկնածու Տիգրան Աթանեսյանը պարզապես խայտառակություն համարեց նախագիծը՝ նշելով, որ այն շրջանառության մեջ դնելը տարրական էթիկական նորմերի խախտում է:
«Առանց մեզ հարցնելու, առանց պալատի հետ խորհրդակցելու նման նախաձեռնությամբ են հանդես գալիս։ Փառք Աստծո, մենք չենք հաշվում արդարադատության նախարարի փողերը, որպեսզի ինքն էլ մերը հաշվի»,-ավելացրեց Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբան Լևոն Օհանյանն էլ նշեց, որ այս քայլով Հրայր Թովմասյանը կաշկանդում է փաստաբանական գործունեությունը:
«Այս քայլը որոշակի իրավունքների սահմանափակում է առաջնացնում և, ի վերջո, նախարարությունց կախվածություն կառաջացնի»,-ասաց Լևոն Օհանյանը:
Նշենք նաև, որ որպես նախագծի ընդունման հիմնավորում նշվում է, որ դա բխում է «կառավարության կողմից իրականացվող՝ բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:
Ի դեպ՝ Երվանդ Վարոսյանը նշեց, որ փաստաբանների էլեկտրոնային ռեեստրն արդեն իսկ կազմված է և տեղադրված է Փաստաբանների միության կայքում:
Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հրայր Թովմասյանին ուղղված գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել նախագիծը՝ նշելով.«Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս նախագծերը, և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում' ծայրահեղ) պայքարելու ենք դրանց դեմ»,- նշվում է գրության մեջ:
Այն տեղադրված է Փաստաբանների միության կայքում: